211652_close_icon
views-count8764 դիտում article-date 15:14 04-02-2022

Մարտունու բժշկական կենտրոնում վճարովի ծառայությունների ծավալը կրկնապատկվել է

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի  բժշկական կենտրոնում 2021 թվականին իրականացված վճարովի ծառայությունների ծավալը 2020 թվականի համեմատ աճել է երկու անգամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, 2020 թվականին ընկերության կողմից մատուցված վճարովի ծառայությունների ծավալը կազմել է 144 միլիոն 569 հազար դրամ, իսկ 2021 թվականին արդեն այդ ցուցանիշը հասել է 305 միլիոն 847 հազար դրամի։ Ընդ որում, 55 միլիոն 847 հազար դրամով գերակատարվել է նաեւ 2021 թվականի սկզբին նախատեսված վճարովի ծառայությունների ծավալը, որն ընդունվել է 250 միլիոն դրամի սահմաններում։ 2020 թվականի համեմատ այստեղ 2021 թվականին գրանցվել է պետպատվերի իրականացման 50 տոկոսի աճ։

«Ոչ թե մեզանում արձանագրված հաջողությունները եղել են առողջական խնդիրներն ունեցող քաղաքացիների թվի  ավելացման, այլ՝ տեխնիկական ու կադրային վերազինման եւ նոր տեսակի բուժծառայությունների ներդրման   շնորհիվ։ 2021 թվականին մեզ մոտ առաջին անգամ ներդրվել է էխոկարդիոգրաֆիայի կորոնոսկոպիայի, գաստրոսկոպիայի, բրոնխոսկոպիայի հետազոտության ծառայություններ, իսկ լաբորատորիան վերազինվել է ժամանակակից բուժսարքավորումներով։ Այս քայլերը հնարավորություն են տվել, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացիները, մայրաքաղաքի բուժհաստատություններ դիմելու փոխարեն, հետազոտվեն ու բուժում  ստանան տեղում՝ խնայելով որոշակի միջոցներ։ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ձեռք ենք բերել 40 մ/3 ժամ հզորության թթվածնային ստացիոնար կայան, որը կապահովի մարզի բուժհիմնարկների պահանջարկը: Կենտրոնացված կարգով այն միացված է բժշկական կենտրոնի թթվածնի մատակարարման համակարգին եւ տեղադրված է նոր կապիտալ վերանորոգված մասնաշենքում, որի շինարարական աշխատանքներն իրականացվել են մեր կողմից տնտեսված միջոցների հաշվին։ Կատարվել են վերանորոգման աշխատանքներ էնդոսկոպիայի սենյակում: Բժշկական կենտրոնի կողմից ձեռք է բերվել վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ ռենտգեն սարք եւ գերմանական արտադրության բազմապրոֆիլ էնդոսկոպիկ հետազոտության սարք։ Էնդոսկոպիկ սարքի շնորհիվ կենտրոնում իրականացվում են լապարասկոպիկ վիրահատություններ։

Ընկերությունում իրականացվում են ստամոքսաաղիքային հիվանդությունների ախտորոշում, բուժում, ինչպես նաեւ կանխարգելիչ միջամտություններ: Վերջին տարիներին ձեռնարկված քայլերի շնորհիվ բժշկական կենտրոնն ապահովել ենք մշտական հոսող ու տաք ջրով, ջեռուցմամբ, հիմնանորոգել տրանսֆորմատորային ենթակայանը, նպաստավոր պայմաններ ստեղծել որակյալ բուժսպասարկում ապահովելու ուղղությամբ։ Շարունակվում են Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները։

Բժշկական կենտրոնի նոր շենքի շահագործմամբ մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու տեխնիկապես ամբողջովին վերազինված բուժհաստատություն, սակայն մինչ այդ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին լուծում կտանք մեր տնտեսած միջոցներով»,-նշեց Անդրանիկ Հարությունյանը։  

Նմանատիպ նյութեր