211652_close_icon
views-count1891 դիտում article-date 10:35 04-02-2022

«Դուխով» հրապարակեք ԵԱՀԿ առաջարկները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար սպառնում են հրապարակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկները՝ ցույց տալու համար, թե ով է Արցախը հանձնել, ով՝ ոչ:

Հիշեցնեմ, որ մինչ այդ եղած առաջարկները՝ փաթեթային, փուլային, «ընդհանուր պետություն», «մադրիդյան սկզբունքներ», արդեն իսկ, ըստ էության, գաղտնազերծված են եւ հրապարակվել են «Անի» հետազոտական կենտրոնի կողմից: Հետեւաբար, այսօր դա առանձնապես մի մեծ գաղտնիք չէ, եւ մնացած առաջարկները նույնպես կարելի է հրապարակել՝ իրար սպառնալու փոխարեն:

Սակայն կան որոշակի անուղղակի նշաններ, որոնք թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել, թե ինչպիսին էր Փաշինյանի դիրքորոշումը պատերազմից առաջ:

Այդ առիթով թույլ տվեք հիշեցնել BBC-ի Hard talk հաղորդաշարին վարչապետի տված հարցազրույցը, որը youtube-ում է դրվել 2020 թվականի օգոստոսի 14-ին՝ պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ: (Հավանաբար, եթեր է գնացել դրանից մի քանի օր շուտ):

Առավել հետաքրքիր է հարցազրույցի այն հատվածը, որտեղ Փաշինյանը բացատրում է թե ինչու է ասում, թե «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: «Նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղը.- բացատրում է վարչապետը,- մի քանի հազարամյակ բնակեցված է տեղացի հայերով, եւ, ի դեպ, «Արցախ» անունը մի քանի հազար տարվա պատմություն ունի…»: Այստեղ հաղորդումը վարողը՝ Սթիվեն Սաքուրը, ընդհատում է Փաշինյանին՝ ասելով. «Մենք չենք կարող խորանալ ձեր պատմության հազարամյակների մեջ, մենք կարող ենք անդրադառնալ այսօրվա իրողություններին»: Եվ հիշատակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որն, ըստ նրա, միանշանակ պահանջում է հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքից: Դրան ի պատասխան Հայաստանի վարչապետն ասում է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթուղթը չի հիշատակում Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Այնտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանության ուժերի մասին»:

Հարցազրույցից կարելի է անել երկու հետեւություն:

Ա/ 2020 թվականի ամռանը Հայաստանի վարչապետն Արցախը համարում էր հայկական հող (որտեղ հազարամյակներ շարունակ հայեր են ապրել):

Բ/ Նա չէր կարծում, որ ՄԱԿ-ի հայտնի բանաձեւերը, որոնք, ի դեպ, 26 տարի շարունակ հիշատակում էր ադրբեջանական կողմը՝ որպես «օկուպացիան» դադարեցնելու փաստարկ, խոչընդոտ են Արցախի՝ Ադրբեջանից դուրս լինելու համար:

Պատերազմից հետո նրա տեսակետն, ըստ ամենայնի, փոխվել է: Համեմատեք հարցազրույցում արտահայտած միտքը Փաշինյանի 2021 թվականի դեկտեմբերի 26-ի ֆեյսբուքյան գրառման հետ, որտեղ, մասնավորապես, գրված է. «Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձեւերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս»:

Փաշինյանի՝ 2020-ի ամռանը հայտնած դիրքորոշումն անուղղակիորեն վկայում է նաեւ այն մասին, որ այն պահին նա չէր համարում, որ ամեն ինչ կորած է, եւ «նախկինները»՝ Տեր-Պետրոսյանից սկսած, արդեն իսկ Արցախը հանձնել- վերջացրել էին:

Բայց հայտարարությունները, ճառերը, հարցազրույցները դիվանագիտական փաստաթղթեր չեն: Մինչեւ որ հայտնի չդառնան կարգավորման բոլոր նախագծերը, որոնք գոյություն ունեին մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որեւէ գործընթացի որեւէ օբյեկտիվ գնահատական հնարավոր չի լինի տալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր