211652_close_icon
views-count1362 դիտում article-date 15:19 03-02-2022

Կառավարությունը Գոհար Սիմոնյանին գործուղեց ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը Գոհար Սիմոնյանին գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում իրավաբանի առկայությունը թույլ է տալիս Հայաստանի վերաբերյալ վճիռներին առնչվող հարցերում ժամանակին և պատշաճ աշխատանքներ իրականացնել վճիռների կատարման ընթացքում, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեին տրամադրել ակնկալվող տեղեկատվությունը, ինչը բազմիցս օգտակար է եղել ՀՀ արդարադատության նախարարությանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը։

Հարկ է նշել նաև, որ համակարգում իրավաբանի ներկայությունն արդյունավետ է նաև կատարման առումով բարդություն ներկայացնող վճիռների իրականացման ընթացքում երկկողմ հաղորդակցություն ապահովելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հրատապ խորհրդակցություններ և բանակցություններ նախաձեռնելու և կազմակերպելու հարցում։

ԵԽ քարտուղարությունը դիմել է ՀՀ մշտական ներկայացուցչություն՝ առաջարկելով ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն գործուղված Գոհար Սիմոնյանի գործուղման ժամկետը մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը։

ՀՀ մշտական ներկայացուցչությունը նպատակահարմար է գտել երկարաձգել Գոհար Սիմոնյանի գործուղման ժամկետը։

Գոհար Սիմոնյանի գործուղման ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ բյուջեով նախատեսված «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի շրջանակներում հատկացված միջոցների հաշվին։

Նմանատիպ նյութեր