211652_close_icon
views-count7759 դիտում article-date 10:13 03-02-2022

Հայաստանի ընդերքի 100-ից ավելի տարվա պաշարները կսպառենք 10-15 տարվա ընթացքում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եթե այսպես շարունակվի, 10-15 տարվա ընթացքում մենք կմնանք ձեռնունայն. 100 տարվա պաշարները կսպառենք, անվերադարձ վնաս կհասցնենք շրջակա միջավայրին, մոտակա գյուղերին ու համայնքներին, որտեղ կսկսվի հայաթափման պրոցես: Այսպիսի մտահոգություն ունի «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը:

Երեկ, անդրադառնալով Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու՝ Նիկոլ Փաշինյանի և «Գեոպրոմայնինգ Գոլդ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյի վերջին շրջանի հայտարարություններին, Ադամյանը մասնավորապես ասել է. «Վերջերս վարչապետը խոսեց նոր պղնձաձուլարան կառուցելու մասին։ Գիտենք, որ ԽՍՀՄ տարիներին Քաջարանում եղել է պղնձաձուլարան, բայց քանի որ խնդիրներ են ծագել՝ կապված մարդկանց առողջության պահպանման հետ, ձուլարանը փակվել է։ Սա բավականին լուրջ արտադրություն է, լուրջ արտանետումներով, որը պահանջում է մեծ գումարներ, լուրջ ներդրումներ, որպեսզի տեխնիկական այնպիսի միջոցներ ներդրվեն, որ շրջակա միջավայրը պաշտպանված լինի։ Բայց նախատեսվում է, որ այս պղնձաձուլարան կբերվի ՀՀ ամբողջ պղինձը, գունավոր մետաղները և ամբողջ գործունեությունը պետք է կատարվի այդտեղ։

Ծավալներն ահռելի են. բացի դրանից, եթե այդպես շարունակվի, ապա 10-15 տարվա ընթացքում մենք կմնանք ձեռնունայն, չենք ունենա այլևս ոչ մի բան, կտանք այն մարդկանց, ովքեր բիզնեսով են զբաղվում, և կնստենք դատարկ տաշտակի առաջ։ 100 տարվա պաշարները կսպառենք, անվերադարձ վնաս կհասցնենք շրջակա միջավայրին, մոտակա գյուղերին ու համայնքներին, որտեղ կսկսվի հայաթափման պրոցես։ Սա բավականին մտահոգիչ է մեզ համար։ Այդ մտահոգությունները մենք արտահայտել ենք նաև ԶՊՄԿ-ին ուղղված մեր նամակների մեջ, որոնք այդպես էլ մնացին անպատասխան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր