211652_close_icon
views-count2448 դիտում article-date 21:40 02-02-2022

«Մեր Օսեթիան. Էրեբունի». Հյուսիսային Օսեթիա֊Ալանիայում հայերին ներկայացնող «Էրեբունի» ազգային֊մշակութային հասարակական կազմակերպությունը ինքնատիպ պատկերագիրք է հրատարակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սերգո Երիցյանը գրում է. Շատ հետաքրքիր ու ինքնատիպ պատկերագիրք է հրատարակել Հյուսիսային Օսիթիա֊ Ալանիայում հայերին ներկայացնող "Էրեբունի" ազգային֊մշակութային հասարակական կազմակերպությունը։  Այն նվիրված է կազմակերպության հիմնադրման 30֊ամյակին և, բնականաբար, ներկայացնում է տարածաշրջանի հայերին` նրանց այստեղ հայտնվելու առաջին օրերից մինչև մեր ժամանակները։ Իսկ հայերը Վլադիկավկազում եղել են համանուն բերդի առաջին քաղաքացիական բնակիչներից։ Նրանք ոչ միայն հաստատվել են այստեղ,այլև տարածվել տարածաշրջանում։ Դա 17֊րդ դարի վերջին էր և 18֊րդ դարի ակզբներին։

Աշխատասեր և պրպտող հայերը իրենց հաջողություններն են դրսևորել կյանքի տարբեր ոլորտներում, առանձնապես` արհեստագործության և վաճառականության ասպարեզներում։ Հայ գաղթականները ոչ միայն հաստատվում են Վլադիկավկազում ու տարբեր բնակավայրերում, այլև կառուցում իրենց հավատքի տները` եկեղեցիները։ Դրա ցայտուն օրինակը 19֊ րդ դարակեսին կառուցված, նախ` փատաշեն,ապա քարաշեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը կանգուն է մինչև հիմա և հիացնում է բոլոր այցելուներին։

Հայ վաճառականները Վլադիկավկազի լավագույն շենքերն ու շինություններն են կառուցել, որոնք գոյություն ունեն մինչև հիմա,և լինելով պատմական հուշարձաններ, հիմնականում թանգարաններ են դարձել։ Դրանք քիչ չեն. Սիմոնովների, Կիրակոզովների, Կազարովների, Օգանովների և այլոց տներն եղել։

Հայ ժողովրդի արժանավոր զավակ գեներալ Միխայիլ Տարիելովիչ Լորիս֊Մելիքովը յուրովի է նպաստել Վլադիկավկազի զարգացմանը։  Գեներալը 10 տարուց ավելի նահանգապետ լինելով այստեղ` Թերեքի նահանգում, շատ բանով փոխեց լեռնեցու կյանքը` ջուր հասցնելով պապակ հողերին, ստեղծելով արհեստագործական ուսումնարան,աշխատատեղեր պարգևելով մարդկանց, թատրոն կառուցելով։

Եվ կյանքը այստեղ արվեստագետներ պիտի ծներ, որոնք հետագայում փառաբանվելու էին իրենց ծննդավայրով ու ազգային պատկանելությամբ` թատերական գործիչներ, հայազգի Ռուբեն Սիմոնովը և Եվգենի Վախթանգովը, որոնք փառավոր հետք թողեցին խորհրդային թատրոնի պատմությունում։ Իսկ Լորիս֊Մելիքովը իր ժամանակներում պատվի և արժանապատվության գործ պիտի համարեր Վլադիկավկազի թատրոնի կառուցումը, որը այսօր կրում է Եվգենի Վախթանգովի անունը։

Պատկերագիրքը այսպես հարուստ է, պատմական,արխիվային,փաստական տվյալներով,նաև եզակի,իր նմանը չունեցող, ինքնատիպ լուսանկարներով, որոնցից լուրաքանչյուրը իրականության անփոխարինելի վավերագրեր են դառնալու։

Այստեղ նաև Վլադիկավկազի առաջին հայկական դպրոցի տարբեր տարիների աշակերտների լուսանկարները կան։ Իսկ համայնքը բոլոր ջանքերն է գործադրում,որ վլադիկավկազցիների հայերի միջոցներով կառուցած դպրոցը համայնքին վերադարձվի և իրականացնի նույն առաքելությունը,ինչ որ կատարում էր 120 և ավելի տարիներ առաջ։

Այնուհետև պատկերագրքի շարադրանքը և լուսանկարները մեզ բերում,հասցնում են մեր ժամանակները ու արձանագրում,որ 30 տարի առաջ Հայոց մայրաքաղաքի`Էրեբունի,անունով է կոչվել այն հասարակական կազմակերպությունը, որը իր ազգային ակունքներից ու ինքնությունից ելնելով, միշտ քարը քարի վրա դնելով, բովանդակավորել է ոչ մայր հայրենիքում ապրող հազարավոր մարդկանց ազգային կյանքը։ Իսկ դրա համար "Էրեբունի "ազգային֊մշակութային հասարակական կազմակերպությունը տարբեր քայլեր է կատարել`հայկական կիրակնօրյա դպրոց ստեղծելուց մինչև ամենատարբեր երաժշտական,պարերի,թատերական և նման այլ խմբերի ստեղծումը,մայր հայրենիքի հետ կապերի և փոխհարաբերությունների ամրապնդումը և խորացումը։Իսկ "էրեբունի" կազմակերպության Արաքսի Սաֆրոնիդի֊ Մելիքյանի ղեկավարման երկար տարիների ընթացքում մեր հայրենակիցները շատ բան տեսան ու զգացին.հայրենիքը ավելի մոտիկ ու հարազատ ,իսկ իրենց ազգային պատկանելությունը` հպարտություն ու պատիվ, համագործակցությունը օսեթների և այլ ժողովուրդների հետ իսկական բարեկամության դրսևորումներ։

Եվ պատահական չէ, որ Արաքի Սաֆրոնիդի֊Մելիքյանը պատկերագրքի առաջաբանում գրում է."...Մեր ժողովուրդները միշտ ապրել են մշտական խաղաղության և համաձայնության մեջ,պատմական զարգացման ընթացքում բաժին հասած դժվարությունների և փորձանքների ժամանակ միշտ օգնել են միմյանց։"

Իր խոսքի հետագա շարադրանքում երկու բարեկամ ժողովուրդներին " էրեբունի" միության նախագահը եղբայր է անվանում,քանի որ մեր փոխհարեբությունները գալիս են հին֊հին դարերից։Մինչև հիմա էլ Հյուսիսային Օսեթիայում պատմական առանձին վայրերի անվանումները և տոհմերի ազգանունները վկայում են երկու ժողովուրդների սերտ պատմական կապերի և առնչությունների մասին։ Իսկ պատկերագրքում արտահայտված խոսուն փաստերը այստեղ ծնված ու մեծացած անվանի հայազգի անհատականությունների մասին են և ներկայացնում են այն անսահման ու անմնացորդ նվիրումը, որ նրանք ունեցել են այս հողի ու ջրի նկատմամբ։Նրանք նաև այն հայ գերդաստաններն են ներկայացնում,որոնք կառուցեցին ու շենացրին այս տարածաշրջանը, ովքեր պաշպանեցին հայրենի դարձած եզերքը ֆաշիզմից, ովքեր ճանաչված մասնագետներ դարձան` բժիշկներ,մանկավարժ֊ուսուցիչներ, հանրաճանաչ մարզիկներ կամ պարզապես մարդիկ,որոնց անունները կապվում են այս լեռնաշխարհի շենացման հետ։

Եվ գիտեք ի՞նչ. հեղինակները համայնքի հետ համատեղ կազմել են այդ մարդկանց ցուցակները` պատկերագրքի միջոցով հանձնելով պատմությանը։ Ցուցակներից բացի հետաքրքիր ու ուշագրավ պատմություններ կան,տպավորիչ կերպարներ։

Ամեն մի բնագավառի հետ կապված մի կարևոր պատմություն կա,արժանավոր մարդկանց գործունեության գնահատանք ու արժևորում։  Իսկ Հյուսիսային Օսեթիայի֊Ալանիայի հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյաիլոն պատկերագրքի առաջաբանում գրել է. "Վլադիկավկազի բերդի առաջին բնակիչներից են եղել և հայերը։ Այս իմաստուն,տաղանդավոր և աշխատասեր ժողովուրդը անփոփոխ նպաստել է և նպաստում է Օսեթիայի զարգացման գործին, համաձայնությամբ,խաղաղությամբ,փոխադարձ հարգանքով գոյակցում է ուրիշ ժողովուրդների հետ`միաժամանակ պահպանելով իր հարուստ ազգային մշակույթը։

19֊րդ դարավերջին ակտիվորեն գործում էին դպրոց, հրատարակչական ընկերություն, հայկական ազգային դրամատիկական խմբակ,արհեստագործական ուսումնարան,զարգանում էր ձեռներեցությունը։

Հայ Առաքելական եկեղեցին մինչև այսօր էլ Վլադիկավկազի խորհրդանիշներից մեկն է, որտեղ եկեղեցական արարողությունները տեղի են ունենում առանց ընդհատումների ավելի քան 180 տարվա ընթացքում". Եվս մեկ անգամ բարձր գնահատենք "Մեր Օսեթիան. Էրեբունի" պատկերագիրքը, որը կարևոր պատուհան կարող է դառնալ դեպի Հյուսիսային Օսեթիայում ապրող հայության կյանք և տարածաշրջանի պատմություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր