211652_close_icon
views-count1040 դիտում article-date 13:47 02-02-2022

2021-ին Հայաստանի եւ Արցախի զինված ուժերում 76 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել. ՀՔԱՎ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2021 թվականին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև ՀՔԱՎ-ի կողմից պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:

Մեր ամփոփած տեղեկությունների համաձայն՝ 2021 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 76 զինծառայողի մահվան դեպք։

Մահվան  76 դեպքերի պատճառներն են.

19-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,

17-ը՝ առողջական խնդիրներ,

15-ը՝ ավտովթար (որից 2-ը՝ վրաերթի հետևանքով մահվան դեպք է, որը դատախազության կողմից ներառվել է ավտովթարի հետևանքով մահվան դեպքերի թվի մեջ),

11-ը՝ սպանություն (3-ը որակվել է որպես՝ 2 կամ ավելի անձանց սպանություն, 4-ը՝ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտում, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտում (ԶՕԿ), 1-ը՝ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանկաով, 1-ը՝ դիտավորյալ սպանություն),

9-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,

5-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ ձնահյուս, 1-ը՝ կայծակնահարում, 1-ը՝ ավտոմքենայի դետալի հարված, 1-ը՝ ծառի տապալում, 1-ը՝ հանկարծամահ, որը դատախազության կողմից ներառվել է դժբախտ պատահարի հետևանքով մահվան դեպքերի թվի մեջ):

Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացած 19 զինծառայողներից 2-ը  վիրավորում են ստացել 2020 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին՝ պատերազմական գործողությունների ժամանակ և մահացել են 2021 թ.-ին։

6 զինծառայող մահացել է 2021 թ. նոյեմբերին հայ-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով։

Համեմատության համար նշենք, որ 2020 թ. գրանցվել է պատերազմական գործողությունների հետ անմիջական առնչություն չունեցող 100 զինծառայողի մահվան դեպք, որից

25-ը՝ առողջական խնդիրների հետևանքով են,

22-ը՝ ավտովթարի,

18-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,

17-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,

9-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու, 1-ը՝ մեղվի խայթոցի, 1-ը՝ էթիլ սպիրտով թունավորման, 1-ը՝ տանը շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով),

4-ը՝ սպանության (2-ը՝ դիտավորյալ, 1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության),

3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման,

1-ը՝ մարտական հերթապահություն/ ծառայություն կրելու կանոնների խախտման,

1-ը՝ ականի պայթյունի։

Շարունակում է մտահոգիչ մնալ ինքնասպանության և սպանության հետևանքով մահվան դեպքերի վիճակագրությունը: Ի դեպ, սպանության 11 դեպքերից 3-ն արձանագրել են մեկ ամսվա՝ օգոստոսի ընթացքում, իսկ ինքնասպանության 9 դեպքերից 3-ն արձանագրվել են մայիս ամսվա ընթացքում:

Արձանագրում ենք, որ չնայած 2020 թ. համեմատ 2021 թ. արձանագրված մահացության դեպքերի թիվը նվազել է, դեպքերի գերակշիռ մասը՝ 75 %-ը, կրկին տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում։

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:

Նմանատիպ նյութեր