211652_close_icon
views-count3823 դիտում article-date 10:37 02-02-2022

Ինչպե՞ս է հնարավոր համագործակցել «թալանչիների» և «Արցախը նախապես հանձնողների» հետ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քանի որ արդեն պարզ է, որ Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է Վահագն Խաչատրյանը, ուզում եմ խնդրին անդրադառնալ ե՛ւ անձնական, ե՛ւ քաղաքական տեսանկյունից:

Անձնական տեսակետից նա միանգամայն արժանի թեկնածու է: Այն, ինչ հիմա խոսվում է Վահագն Խաչատրյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում իբր կատարած «չարաշահումների» մասին, որեւէ հավատ չի ներշնչում եւ որեւէ տրամաբանական քննության չի ենթարկվում: Այն կերպարը, որը փորձում են կերտել ընդդիմադիրները կամ պարզապես Խաչատրյանի «չուզողները», խիստ հակասության մեջ է մտնում նրա իրական արժեքային համակարգի հետ:

Թեկնածուի բազմաթիվ մարդկային արժանիքներից կուզեի առանձնացնել զսպվածությունը. Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք նա ընդդիմադիր էր, բայց ո՛չ հրապարակային խոսքում, ո՛չ մասնավոր զրույցներում նա իրեն թույլ չէր տալիս այն բառապաշարը, որը հատուկ է նախկին եւ ներկա ընդդիմադիրներին: Դա ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ, իմ տեսանկյունից, բանավեճի տոնայնությունն ավելի կարեւոր է, քան դրա բովանդակությունը:

Սակայն, եթե վերլուծենք Խաչատրյանի նշանակման քաղաքական համատեքստը, ապա այստեղ որեւէ դրական ակնկալիքներ ես չունեմ: (Օգտագործում եմ «նշանակում» բառը, որովհետեւ ներկայիս նախագահը կլինի «ՔՊ»-ի նախագահ՝ նրան, ի վերջո, ընտրելու են միայն այդ խմբակցության անդամները): Նախ՝ արդեն բազմիցս առիթ եմ ունեցել գրելու, որ ներկա Սահմանադրությամբ նախագահից շատ քիչ բան է կախված, եւ այդ «շատ քիչը» ներկա հանգամանքներում կհավասարվի զրոյի: Այնպես որ՝ նախագահի անձն այսօր որեւէ բան չի որոշում: 

Բացի այդ, նախագահի հնարավոր թեկնածուն այժմ աշխատում է որպես նախարար: Դա նշանակում է, որ նա Փաշինյանի քաղաքական թիմի անդամ է: (Արմեն Սարգսյանը, գոնե ձեւականորեն, ՀՀԿ-ական թիմի անդամ չէր): Հետեւաբար, Խաչատրյանը համարում է, որ նախկին իշխանությունները «թալանչի» են եւ «պարտության մեղավորներ»՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր Փաշինյանի մոտ նախարար աշխատել եւ չկիսել իշխող ուժի այդ գլխավոր «գաղափարախոսական թեզը»: Ըստ այդմ, հայ ժողովուրդը դարերով խարխափում էր խավարի մեջ, եւ միայն 2018-ին ծագեց արեւը՝ ի դեմս Փաշինյանի: Բայց հանրապետության նախագահն, իմ ընկալմամբ, պետք է այդ ամենից այնքան բարձր գտնվի, որ կարողանա համագործակցել քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ: Ինչպե՞ս է հնարավոր համագործակցել «թալանչիների» եւ «Արցախը նախապես հանձնողների» հետ:

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրությունների մասնակիցների 54 տոկոսն ընտրել է «ՔՊ»-ին, 26 տոկոսը՝ ընդդիմադիր երկու ուժերին, մնացած 20-ը՝ ուրիշներին: Ընտրողների կեսն ընդհանրապես չէր եկել տեղամաս, եւ մենք չգիտենք, թե ինչ են նրանք մտածում: Կառավարությունը, բնականաբար, պետք է կազմվեր «ՔՊ»-ից՝ ուրիշ տարբերակ պարզապես չկա: Բայց նախագահը, որքան հասկանում եմ, պետք է արտահայտի բոլոր քաղաքացիների, ավելին՝ բոլոր հայերի շահերը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր