211652_close_icon
views-count16556 դիտում article-date 10:13 02-02-2022

Շուշիի անփառունակ հռչակագիրն ընդունվել է․ «Հայաստանի Հանրապետություն»

 «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիայի կողմից Ադրբեջանի կլանման գործընթացն ընթացքի մեջ է։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարան) երեկվա լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Հռչակագրի առանցքում պաշտպանության ոլորտի համագործակցությունն է, որի համաձայն՝ կողմերը պետք է օգնեն միմյանց երկու պետություններից որեւէ մեկի «անկախության կամ տարածքային ամբողջականության վրա երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ հարձակման դեպքում»: Դա նշանակում է, որ այսուհետ Թուրքիան արդեն պաշտոնապես է լինելու Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը, եւ ցանկացած հարձակում Ադրբեջանի վրա հավասարազոր է դառնում Թուրքիայի վրա հարձակման։ Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Շուշի քաղաքում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է, որը բացարձակապես չի բխում հայկական շահերից։ Չափազանց կարեւոր է արձանագրել, որ հռչակագիրը հղում ունի 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին։ Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»: Սրանով, փաստորեն, երկու հանցակից պետություններն արդեն միավորելու են ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը կասեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում։

Միաժամանակ Շուշիի հռչակագրի ընդունումը կարելի է առաջին քայլը համարել միասնական պետության եւ միասնական բանակի ստեղծման ճանապարհին։ Մի կողմ դնելով Ադրբեջանի համար նման սերտ համագործակցության շահավետ լինելը՝ ակնհայտ է, որ մեծանալու է Թուրքիայից կախվածությունը։ Դա այն գինն է, որը վճարում է Ադրբեջանը Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի աննախադեպ օգնության դիմաց։ Թե ինչպիսի հետեւանքներ կունենան այդ «աջակցությունն» ու «օգնությունը» եւ որքանով ձեռնտու կլինեն հետագայում Ադրբեջանի համար, դեռ վաղ է խոսել, սակայն ակնհայտ է, որ թուրքական օրակարգը գերակա է դառնալու։ Իսկ առայժմ ընթանում է համակողմանի ինտեգրման գործընթաց»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր