211652_close_icon
views-count1323 դիտում article-date 10:01 02-02-2022

Միայն լրջագույն աջակցությունը կբարեփոխի գյուղոլորտը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2019-2024 թթ. տավարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիր կա, ըստ որի խրախուսվում է խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռք բերումը, եւ այդ նպատակով նախատեսվում էր տրամադրել սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկեր (առավելագույնը 12 տոկոս վարկի մինչեւ 10 տոկոսային կետի սուբսիդավորում)։ Այժմ այդ ծրագրում փոփոխություններ են եղել, եւ գործադիրը դրանք հաստատել է։ Փոփոխություններից մեկը, օրինակ, այն է, որ 12-ը դարձել է 14։

Էկոնոմիկայի նախարարությունը դրա անհրաժեշտությունը պայմանավորում է ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխության հետեւանքով նշված ծրագրի պայմանները վերանայելու գործոնով։ Ծրագիրը մեկնարկել է 2019 թ.  սեպտեմբերից, որի հիմնական նպատակը տավարաբուծության ոլորտի տնտեսավարողներին, մասնավորապես՝ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմի կիրառմամբ խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերման աջակցությունն է: Ըստ պետական այս գերատեսչության՝ ծրագրի մեկնարկից սկսած մինչեւ 2020 թ. մարտ վարկերը տրամադրվել են տարեկան մինչեւ 12 տոկոս տոկոսադրույքով, որի 10 տոկոսային կետը սուբսիդավորվել է։ 2020 թ. մարտից մինչեւ 2021 թ. դեկտեմբերը, սակայն, վարկերը տրամադրվել են տարեկան մինչեւ 14 տոկոս տոկոսադրույքով, որն ամբողջությամբ սուբսիդավորվել է։

Ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխությամբ պայմանավորված՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների կողմից 12 տոկոսով վարկի տրամադրումը դարձել է ոչ շահավետ (կառավարության որոշման հիմնավորման  համաձայն), եւ դրա համար էլ վարկի տրամադրման տոկոսադրույքը վերանայվել է։ Դարձյալ ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ծրագրի մեկնարկից մինչ օրս դրա շրջանակներում ձեռք բերված կենդանիների ընդհանուր գլխաքանակից ընդամենը 18 տոկոսը կամ 262 գլուխն է աճեցվել ՀՀ-ում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր