211652_close_icon
views-count185617 դիտում article-date 21:36 01-02-2022

22-ամյա կալանավորի դին հայտնաբերվել է գեներալ Գուրգեն Մելքոնյանի որդու ղեկավարած գաղութում

Երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութունը հաղորդագրություն տարածեց, որ արձանագրվել է կալանավորված անձի մահ:
Ըստ հայտարարության՝ 2022 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում իր հարցերին: Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի բուժաշխատողի կողմից փորձ է արվել ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչվել է շտապօգնություն: Շտապօգնության աշխատակիցները ևս փորձել են ցուցաբերել բուժօգնություն, սակայն ժամը 11:50-ի սահմաններում վերջիններիս կողմից արձանագրվել է Ռ. Ք.-ի կենսաբանական մահը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Քոթանջյանն էր:

2021 թ.-ի հուլիսի 18-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի  ձախակողմյան առաջային պատի 9-11-րդ կողերի շրջանում կտրած-ծակած վերք և ձախ բազուկի առաջային  մակերեսի կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խմբերը:

Ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ  կատարվածի  մասին բացատրություն տալու:  Ոստիկանները  պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Հայկ Վարդանյանն է:

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի շնորհիվ պարզում են, որ Հ. Հակոբյանին խոհանոցային դանակով հարվածել է նրա հարևանը՝ երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մահացած Ռ. Քոթանջյանը:

Վերջինս բերման էր ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի, ինչը դատարանը բավարարել էր, որից հետո նրան տեղափոխել էին ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Նրա մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում: Քննչական վարչությունում էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետը Արման Մելքոնյանն է, ում հայրը՝ գեներալ Գուրգեն Մելքոնյանն է՝ Ազգային ժողովի պատգամավոր,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ::

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր