211652_close_icon
views-count38010 դիտում article-date 12:05 01-02-2022

Քեզ բացակա չենք դնի. Չարենցավանում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 20-ամյա հերոսի անվան ռազմագիտության դասասենյակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարձունքը մերն է, տղերքը չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին:
Դիպան աստղերին՝ աստղերը հանգան
Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին… 

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր- բարձունքը մերն է, տղերքը… չկան։

Երեկ՝ հունվարի 31-ին, Չարենցավան քաղաքի Ս. Ավանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, չարենցավանցի Կարեն Բենիկի Անտոնյանի հիշատակին նվիրված միջոցառում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցում ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց հերոսի անունով։ 

Մինչ հերոսի քույրն ու դպրոցի տնօրենը կկտրեին կարմիր ժապավենը, դպրոցի սաներն իրենց կենդանի կատարմամբ ներկայացրեցին լեգենդար սանի մասին։ 

Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, դպրոցի ուսուցչական կազմը, հերոսածին մայրեր։ Կարմիր ժապավենը կտրելուց հետո դասասենյանկը հոգևոր հովվի կողմից օծվեց, որից հետո մասնակիցները տևական ժամանակ չէին կարողանում դուրս գալ դասասենյակից ու ասում էին. «Հպարտ ենք, որ մեր դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց Կարենի անունով։ Ամեն անգամ այստեղ՝ այս լուսավոր տղայի անվան դասարանում, մենք պարտավորվածություն ենք զգալու, որ պետք է նրա նման սովորենք։ Նա բարձր պահեց ոչ միայն դպրոցի, այլև չարենցավանցու պատիվը։ Նա մեզ համար զոհաբերեց իր համար ամենաթանկը՝ իր կյանքը։ Դասասենյակի այս փոքրիկ անկյունը, որտեղ տեղադրված են նրա լուսանկարները, անձնական իրերը, մեզ համար դառնալու է թանգարան, որտեղ ամեն անգամ նայելով մեր հերոսին՝ ի լուր աշխարհի, ասելու ենք՝ ՔԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ»։

Անտոնյան Կարեն Բենիկի

Ծնվել է 2000թ ի սեպտեմբերի 17-ին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Ծառայության է անցել 2019թ. ի հուլիսի 10-ին։ 6ամիս ծառայել է Գյումրիում, այնուհետեւ տեղափոխվել Ջրական։

Տիրապետել է Ֆագոտ զենքին, եղել է սերժանտ, հաշվարկի հրամանատար, դիրքի ավագ։

Աննկարագրելի է եղել Կարենի մարդ տեսակը։ Նա իր շրջապատում ու ծառայության ժամանակ մշտապես աչքի է ընկել իր համեստ, ընկերասեր ու կշռադատված տեսակով: 

Կարենը պատերազմի առաջին վայրկյաններից կռվել է՝ հաղթանակը սրտում և անմահացել հոկտեմբերի 3-ին։


Հավերժ փա՛ռք քեզ, հերո՛ս

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 326+
326+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր