211652_close_icon
views-count1776 դիտում article-date 10:16 29-01-2022

Ինքնության մասին՝ առանց պաթոսի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երեկ նշվում էր Հայկական բանակի կազմավորման 30-ամյակը: Նշվում էր համեստորեն՝ պարզապես պետական ու քաղաքական գործիչների՝ Եռաբլուր այցելությամբ:

Ճիշտն ասած, նախորդ խմբագրականս ցանկանում էի դրա մասին գրել, բայց… չստացվեց: Շատ դժվար է խուսափել պաթոսից՝ որի տողատակերում մեղադրանքներն են կամ արդարացումները: Բանակի օրը խոսել այն մասին, թե ով է մեղավոր այս վիճակի համա՞ր: Վիճակն այնպիսին է, որ մեղավորների փնտրտուքը «սիրտ չի հովացնում»: Քաղաքական գործիչներին կամ չափից դուրս քաղաքականացված մարդկանց այդ փնտրտուքը, թերևս, օգնում է մոռանալ վիճակի մասին, անձամբ ինձ՝ չի օգնում:

Ինձ թվում է, ոչ թե բանակը, անգամ՝ ոչ թե պետությունն է հարված ստացել՝ ճգնաժամ է ապրում ազգային ինքնությունը: Եկեք փորձենք անկեղծ պատասխանել հետեւյալ հարցին. արդյոք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որեւէ օտարի հանդիպելուց, նույն հպարտությամբ կարո՞ղ ենք ասել՝ «մենք մարշալ Բաղրամյանի եւ Մոնթե Մելքոնյանի ազգից ենք»: Արդյո՞ք նշված հերոսների կերպարներն այս ընթացքում խամրել են: Իհարկե՝ ոչ:

Մենք ենք խամրել: Արդյո՞ք մարդիկ նույն վստահությամբ կարող են ասել՝ «հիշում եմ եւ պահանջում»: Կամ գուցե այն ժամանակ է՞լ անկեղծ չէին ասում: Այսօր իշխանության ներկայացուցիչները, մանր խորամանկության դիմելով, հիշեցնում են՝ «Հայաստանը Ցեղասպանության ճանաչումը երբեք որպես նախապայման չի դրել»: Իհարկե, չի դրել: Բայց խոսքն ամենեւին դրա մասին չէ: Խոսքն այն մասին է, որ Թուրքիա՛ն է Ցեղասպանության ուրացումը միշտ դրել որպես նախապայման: Հիմա, եթե պաշտոնապես ասվի, որ «հիշելն ու պահանջելն» այլեւս արդիական չէ, որ 2015 թվականի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը» սխալ էր, եւ մենք առաջնորդվում ենք բոլորովին այլ հայեցակարգով, դա կլինի իշխանության կողմից իսկապես «դուխով» քայլ՝ ավելի «դուխով», քան «թալանի» մասին ամեն օր անհասցե խոսելը:

Ես այդ հարցերի վերջնական պատասխանը չունեմ: Մինչեւ 2020-ի նոյեմբերի 9-ը ես համոզված էի, որ մեր հաղթանակներով հպարտանալը, դրանց միջոցով ձեռք բերված նվաճումները պահելը, ինչպես նաեւ Ցեղասպանության մասին հիշողությունը կազմում են մեր ներկայիս ազգային ինքնության հիմքը: Բայց 2021 թվականի ընտրություններից հետո ես մտածում եմ, որ գուցեեւ սխալվում էի, եւ՝ որ, համենայնդեպս, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն ապրում է բոլորովին այլ արժեքներով:

Դարձյալ՝ խնդիրը որեւէ մեկին մեղադրելը չէ: Այս հարցերում չկան վերջնական պատասխաններ: Դրանք պետք է քննարկել՝ անկեղծորեն արձանագրելով իրավիճակը եւ չփորձելով իրար խեղդել պաթոսով: Կարեւոր է հիշել, որ ազգային ինքնությունն այնպիսի բան չէ, որ 5000 տարի առաջ հաստատվել է ու մեկընդմիշտ այդպես էլ մնացել. այն փոխվում է պատմության հանգուցային իրադարձությունների ազդեցության տակ: Վերջին մեկուկես տարում տեղի են ունեցել նման իրադարձություններ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր