211652_close_icon
views-count1655 դիտում article-date 09:51 29-01-2022

ԱՄՆ-ն փորձում է հակազդել ռուսական ապատեղեկատվություններին․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ավելի ու ավելի խորաթափանց հետախուզական բացահայտումներ են անում՝ այսպիսով ձգտելով խանգարել Ուկրաինա հնարավոր ներխուժման ռուսական կողմի նախապատրաստական աշխատանքներին և տապալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերն այս ուղղությամբ, գրում է Associated Press գործակալությունը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հոդվածի հեղինակ Նոմաան Մերչանտի հրապարակման մեջ ասվում է, որ Սպիտակ տունը վերջին շաբաթներին հրապարակեց, ըստ ամերիկյան կողմի, ներխուժման համար պատրվակ ստեղծելու Ռուսաստանի գործողությունների ծրագիրը: Մեծ Բրիտանիան մատնանշել է կոնկրետ ուկրաինացիների, որոնք մեղադրվում են Ռուսաստանի հետախուզության աշխատակիցների հետ կապեր ունենալու մեջ և պլանավորում էին տապալել նախագահ Վոլոդիմեր Զելենսկուն: ԱՄՆ-ը նաև հրապարակել է ռուսական ռազմական դիրքերի քարտեզը և մանրամասնել, թե ինչպես է, ըստ ամերիկյան պաշտոնյաների, Ռուսաստանը հարձակվելու Ուկրաինայի վրա մինչև 175,000 զորախմբով: Փորձագետները բարձր են գնահատել Սպիտակ տանն այն բանի համար, որ այն գաղտնազերծել է հետախուզության տվյալները՝ այսպիսով փորձելով կանխել կեղծ տեղեկատվության տարածումը:

Սակայն տեղեկատվության հրապարակումը պարունակում է որոշակի ռիսկեր: Հետախուզության գնահատականները միանշանակ չեն. բացի զորքերի տեղաշարժի վերաբերյալ լուսանկարներից, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները այլ ապացույցներ չեն ներկայացրել: Մոսկվան հերքել է Վաշինգտոնի պնդումները՝ դրանք որակելով որպես հիստերիա և վկայակոչել ամերիկյան հետախուզության անցյալում եղած ձախողումները, այդ թվում՝ Իրաքի սպառազինության ծրագրերի մասին ամերիկյան կողմի ներկայացրած ոչ ճշգրիտ տեղեկությունները:

Առայժմ Ռուսաստանի կողմից իր դիրքրոշման փոփոխության որևէ նախանշան չկա. Մոսկվան շարունակում է ուժեր տեղակայել Ուկրաինայի սահմանին և Բելառուսում, որը սահմանակից է Ուկրաինային հյուսիսում: Վաշինգտոնում և Լոնդոնում աճում են հոռետեսական տրամադրությունները դիվանագիտական ջանքերի վերաբերյալ. ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում մեծանում է նաև համոզմունքը, որ Պուտինը, հավանաբար, առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կներխուժի Ուկրաինա:

Ռուսաստանը հայտնի է նրանով, որ օգտագործում է ապատեղեկատվությունը՝ շփոթություն առաջացնելու և տարաձայնություններ սերմանելու համար՝ որպես իր ընդհանուր հակամարտության ռազմավարության մի մաս: Երբ Ռուսաստանը 2014 թվականին ներխուժեց Ուկրաինայի Ղրիմի թերակղզի, այն արշավ կազմակերպեց՝ ճնշելու այդ տարածքի էթնիկ ռուս բնակիչներին: Պետական լրատվամիջոցները և Ռուսաստանին առնչվող սոցիալական ցանցերի էջերը պնդում էին, որ Արևմուտքը շահարկում է Կիևում բողոքի ցույցերը և խեղաթյուրում ուկրաինական ուժերի կողմից իրականացված հանցագործությունների մասին կեղծ կամ չհաստատված տեղեկությունները:

Այս անգամ, ԱՄՆ-ը և դաշնակիցները ասում են, որ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի առաջնորդներին ներկայացնել որպես ագրեսորներ և համոզել իր քաղաքացիներին աջակցել ռազմական գործողությունների ծրագիրը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պնդում են, որ Ռուսաստանը Արևելյան Ուկրաինայում տեղակայել է հատուկ ծառայությունների աշխատակիցներ, որոնք կարող են պայթուցիկներով դիվերսիաներ իրականացնել սեփական ուժերի դեմ և այսպիսով մեղադրանքի սլաքն ուղղել դեպի Կիև:

Սպիտակ տունը բազմիցս ընդգծել է այն, ինչն իր կարծիքով ապատեղեկատվություն է և մասնավոր կերպով լրացուցիչ հետախուզական տեղեկություն է տրամադրում իր դաշնակիցներին, այդ թվում՝ Ուկրաինային: Պետքարտուղարությունը վերջերս հրապարակեց մի փաստաթուղթ, որում թվարկվում և մերժվում են ռուսական մի քանի պնդումներ: Իսկ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել չորս անձանց հանդեպ, ովքեր մեղադրվում են Ուկրաինա ներխուժելու նպատակով պատրվակ ստեղծելու գործողության հետ կապ ունենալու մեջ: Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին շեշտել է, որ Վաշինգտոնում ընդունվել է «ռազմավարական որոշում՝ ապատեղեկատվության վրա մատնանշելու մասին, երբ այն նկատվի»:

«Մենք շատ ավելի լավ ենք տիրապետում ռուսական ապատեղեկատվական մեքենային, քան 2014 թվականին», - ասել է նա չորեքշաբթի օրը՝ հավելելով, որ «մենք պետք է շատ հստակ ներկայացնենք համաշխարհային և ամերիկյան հանրությանը, թե ինչ են նրանք փորձում անել և ինչու»:

Եվրոպական միության պաշտոնյաներից մեկը ուրբաթ օրը լրագրողներին ասել է, որ Մոսկվայի հետ կապ ունեցող լրատվամիջոցները ինչպես ութ տարի առաջ, այնպես էլ այժմ ձգտում են հիմնավորել հակամարտությունը: Նրանց կողմից տարածվող ապատեղեկատություններից է այն, որ ԱՄՆ-ը ինքը կարող է ծրագրել մի կեղծ գործողություն՝ արևելյան Ուկրաինայում առճակատում հրահրելու համար: Այս մոտեցումն ակնհայտորեն տարածվում է ի պատասխան ամերիկյան մեղադրանքների:

Մոսկվան շարունակում է պահանջներ ներկայացնել, որ ՆԱՏՕ-ն արգելափակվի Ուկրաինայի համար կամ էլ այլևս չընդլայնվի: Հայտնի է, որբրիտանական հետախուզությունը մեղադրել է ուկրաինացի քաղաքական գործիչ Եվհենի Մուրաևին Ռուսաստանի կողմից աջակցվող հնարավոր նախագահի թեկնածու լինելու մեջ: Վերջինս հերքել է այդ պնդումը և AP-ին ասել, որ այն «ծիծաղելի է և անհեթեթ»:

Իսկ այդ ընթացքում Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև առցանց ընթանում է պայքար: Կրեմլի կողմից աջակցվող Russia Today (RT) հեռուստաընկերությունը դեկտեմբերի 21-ին տեսանյութ է հրապարակել, ուր պնդում է, որ «ԱՄՆ մասնավոր ռազմական ընկերությունները կուտակումեն քիմիական բաղադրիչներ ունեցող նյութեր Արևելյան Ուկրաինայում»: Պետքարտուղարությունը հերքել է այդ պնդումը։ Այնուհետև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը թվիթերով արձագանքել է պետքարտուղարության հերքմանը:

Վաշինգտոնի ջանքերը միանշանակ չեն ընկալվել Կիևում, որտեղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին փորձել է մեղմել պատերազմի վտանգի նկատմամբ հանրային մտավախությունները ՝ նվազեցնելով պատերազմի հավանականությունը, նույնիսկ այն դեպքում, երբ շատուկրաինացիներ պատրաստվում են հնարավոր ռազմական սցենարին:

Ուկրաինացի պաշտոնյաները մասնավոր զրույցներում հարցեր են բարձրացնում, թե ինչու է Բայդենի վարչակազմը նախազգուշացնում մոտալուտ ներխուժման մասին, բայց չի կիրառում կանխարգելիչ պատժամիջոցներ կամ միջոցներ չի ձեռնարկում «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ, որը քննադատության է ենթարկվել Ուկրաինայի և Արևմտյան Եվրոպայի նկատմամբ Մոսկվային ավելի շատ լծակներ տրամադրելու համար: Բայդենի վարչակազմը Կոնգրեսում դեմոկրատների միջոցով հակադրվեց հանրապետականների կողմից հովանավորվող օրինագծին, որը պահանջում էր պատժամիջոցներ սահմանել դեռևս չաշխատող այդ գազատարի դեմ:

Սպիտակ տունը սպառնացել է կոշտ պատժամիջոցներ սահմանել, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: Ներխուժման դեպքում Վաշինգտոնը պատրաստվում է ուժեր տեղափոխել ՆԱՏՕ-ի արևելյան թև: ԱՄՆ-ը և արևմտյան դաշնակիցները նաև զենք և հրթիռային համակարգեր են ուղարկում Ուկրաինա։

ԱՄՆ-ում և Ուկրաինայում փորձագետներն ասում են, որ այսօր շատ ավելի մեծ հասարակական իրազեկվածություն կա պետության կողմից հովանավորվող ապատեղեկատվության վերաբերյալ, քան նախկինում: Ռուսաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում շարունակել է իր քարոզարշավը ուկրաինացիների դեմ՝ տարածելով ապատեղեկատվություն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի մասին, որի ընթացքում զոհվել է առնվազն 14,000 մարդ: Բացի այդ, Ռուսաստանի միջամտությունը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին հանգեցրեց միքանի հետաքննության և տարիներ շարունակվող քննարկումների:

German Marshall հիմնադրամի Ժողովրդավարության ապահովման դաշինք ծրագրի ավագ վերլուծաբան Բրեթ Շաֆերի կարծիքով, սակայն, Ռուսաստանին հրապարակավ մեղադրելը ապատեղեկատվության և վատ վարքագծի մեջ ունի սահմանափակ զսպող ազդեցություն, քանի որ, ըստ նրա, ռուսական կողմին քիչ է մտահոգում հեղինակազրկումը:

Նմանատիպ նյութեր