211652_close_icon
views-count1427 դիտում article-date 16:00 28-01-2022

Ազգային բանակը կարճ ժամանակում կհաղթահարի բոլոր դժվարությունները. Երևանի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել

Զինված ուժերը Հայաստանի անկախ պետականության կերտման և զարգացման հիմնաքարն ու անվտանգության գլխավոր երաշխավորն են:  Բանակի օրվա առթիվ հղած իր շնորհավորական ուղերձում այս մասին նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: 

«Հունվարի 28-ը մեզ համար տարվա ամենահիշարժան օրերից մեկն է: Այդ օրը միահամուռ նշում ենք Հայոց բանակի տոնը: Զինված ուժերը մեր անկախ պետականության կերտման և զարգացման հիմնաքարն ու անվտանգության գլխավոր երաշխավորն են: Բոլորս գիտենք, թե ինչ դժվարությունների, զրկանքների գնով են ստեղծվել, կայացել ու փառապանծ ուղի անցել մեր բանակային ստորաբաժանումները, և այդ ճանապարհին, ինչպես պետությունը, այնպես էլ հայ ընտանիքներն իրենց հերթին փորձել են անել հնարավորինը՝ նպաստելով բանակաշինության գործին ու բանակի հզորացմանը:

Հայոց պատմության էջերը թերթելով՝ ակնհայտ է դառնում, որ մշտապես ունեցել ենք ինքնապաշտպանության խնդիր: Մեր սահմանները պարբերաբար ենթարկվել են ոտնձգությունների:

Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների մասնակցությունն արցախյան ազատագրական պատերազմին կամարտահայտման, վճռականության ու միասնականության լավագույն դրսևորումներից է: Ցավոք, մեզ պարտադրված այդ պատերազմում ծանր կորուստներ ենք ունեցել: Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել: Խոնարհումս՝ մեր անմահացած հերոսների հիշատակին»,-նշել է քաղաքապետը:

 Երևան համայնքը, Երևանի քաղաքապետարանն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում արել և անելու է ամեն ինչ՝  նահատակվածների ընտանիքներին սատարելու, վիրավորում ստացած զինվորների կողքին լինելու ու համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: Քաղաքապետարանի հատկապես սոցիալական ոլորտի մի շարք ծրագրեր առաջնահերթորեն հենց այդ նպատակին են ուղղվել:

«Հարգելի զինծառայողներ, պատերազմի վետերաններ, չնայած մեզ բաժին հասած ծանր փորձություններին, վստահ եմ, որ մեր ժողովրդի աննկուն կամքի, հավատի ու նվիրումի շնորհիվ, պետության, համայնքների ու բոլորիս ջանքերով մեր Ազգային բանակը կարճ ժամանակում կհաղթահարի բոլոր դժվարությունները: Ի սրտե շնորհավորում եմ Հայոց բանակի օրը, հոբելյանական՝ 30-րդ տարեդարձը: Իմ և երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից մեր բոլոր զինծառայողներին մաղթում եմ առողջություն ու խաղաղ ծառայություն: Ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով շարունակելու է համակողմանի աջակցությունը ՀՀ զինված ուժերին ու զինծառայողներին»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր