211652_close_icon
views-count1412 դիտում article-date 10:47 28-01-2022

Հայկական բանակը ժողովրդին համախմբելու ներուժ ունի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, բանակն ու հասարակությունն անմիջականորեն եւ խորապես փոխադարձաբար ազդում են միմյանց վրա։ Բանակի ազդեցությունը հասարակության վրա հատկապես ուժեղ է նորահռչակ հանրապետություններում, որոնք զարգացման սաղմնային փուլում են։ Անվտանգության ոլորտում հաջողությունները եւ ռազմական ձեռքբերումները ոչ միայն ռազմական գործողություններ իրականացնելու, ազգային անվտանգությունն ապահովելու նյութական կարողություններն են, այլեւ հոգեբանական բնութագրերը, կամքի առկայությունը, ինչպես նաեւ ժողովրդի եւ հասարակության պատրաստակամությունը՝ համագործակցելու պետական մարմինների հետ, որոնք կոչված են իրականացնելու անվտանգության գործառույթներ։

Հայկական բանակի կազմավորման փուլն ամենադժվար իրավիճակում տեղի ունեցավ` անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության կազմավորման եւ արցախյան պատերազմի պայմաններում ապահովել հայ բնակչության անվտանգությունը։ Նորահռչակ հանրապետության մեջ բանակը եղել է ամենաառաջնային եւ, կարելի է ասել, ամենազարգացած ոչ միայն պետական, այլեւ հասարակական ինստիտուտը եւ այդպիսին է մնում մինչ օրս։

Հայկական բանակն ունի ժողովրդին համախմբելու անգնահատելի ներուժ եւ հաշվի առնելով, որ Հայաստանը բնակչության թվով եւ այլ կարեւոր ռեսուրսներով զիջում է պոտենցիալ հակառակորդներին` անհրաժեշտ է մշակել հասարակություն-բանակ հարաբերությունների այնպիսի մոդել, որը հիմնված կլինի «որակն ընդդեմ քանակի» սկզբունքի վրա։ Յուրաքանչյուր քաղաքացի` անկախ տարիքից, սեռից, սոցիալական դիրքից ու մասնագիտությունից, իր դերն ու նշանակությունն ունի հայրենիքի պաշտպանության գործում: Հայաստանը չունի դիրք-թիկունք տարանջատում, քանի որ մեր երկիրը միաժամանակ եւ՛ մարտական դիրք է, եւ՛ թիկունք իր ողջ պաշտպանական համակարգով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր