211652_close_icon
views-count1666 դիտում article-date 13:34 27-01-2022

Ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չի կապվի հաշմանդամության խմբի սահմանման հետ

Կառավարությունն այսօրվա  նիստում հավանություն տվեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը։

Հարկ է նկատի ունենալ, որ իրավակիրառ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ կարող է հաշմանդամություն սահմանվել ավելի ուշ, քան ժամանակավոր անաշխատունակության թերթիկի առավելագույն ժամկետն է, կամ հաշմանդամություն սահմանվում է ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման առկայության դեպքում, այլ, օրինակ, ինքնուրույն տեղաշարժման կամ կենսագործունեության այլ տեսակի սահմանափակման, կամ անորոշ կանխատեսումով, որոնց դեպքերում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը կարող է չսահմանափակվել, ավելին, վերականգնման հեռանկարի բացակայությամբ ախտաբանական վիճակների դեպքում հաշմանդամությունը կարող է սահմանվել նաև անաշխատունակության ժամանակահատվածում և անձի անաշխատունակությունը կարող է վերականգնվել ավելի ուշ, քան հաշմանդամություն սահմանելը։   

Այսպիսով, հնարավոր են դեպքեր, երբ անձի նկատմամբ սահմանվել է հաշմանդամություն և անկախ այն հանգամանքից, որ անձը շարունակում է մնալ անաշխատունակ, այնուհանդերձ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հաշմանդամ ճանաչվելուց հետո չի երկարաձգվում, ինչպես նաև հնարավոր են դեպքեր, երբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում հաշմանադամության սահմանման հարց չառաջանալ։

Ներկայացվող նախագծով առաջարկվում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը և ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ։

Բացի այդ, գործող իրավանորմերին համապատասխան հստակեցվել է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը։

Նմանատիպ նյութեր