211652_close_icon
views-count954 դիտում article-date 09:43 27-01-2022

ԱՄՆ-ն դիտարկում է էներգակիրների մատակարարման այլընտրանքային տարբերակներ․ «Ամերիկայի ձայն»

Բայդենի վարչակազմը աշխատում է եվրոպական երկրների և ամբողջ աշխարհում էներգաարտադրողների հետ՝ արևմտյան Եվրոպայի երկրներ վառելիք մատակարարելու ուղիների համար, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրճատի նավթի և գազի արտահանումը ի պատասխան Ուկրաինա ներխուժման դեմ սահմանված պատժամիջոցների: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք աշխատում ենք ոչ ռուսական բնական գազի լրացուցիչ ծավալներ բացահայտելու ուղղությամբ աշխարհի տարբեր կողմերից Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից մինչև Ասիա և Միացյալ Նահանգներ», - երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա:

Արտակարգ իրավիճակների պլանի նպատակն է մեղմել եվրոպացի դաշնակիցների մտահոգությունները, որոնք կապված են Ռուսաստանի կողմիցիր էներգակիրների օգտագործման հետ: Մոսկվան ապահովում է Եվրոպայի բնական գազի մատակարարման մոտավորապես 40%-ը, իսկ եվրոպական էներգակիրների պաշարները վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն նվազել են ռուսական մատակարարումների կրճատման պատճառով:

Վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա ընդգծել է, որ նավթի և գազի արտահանումը կազմում է Ռուսաստանի դաշնային բյուջեի եկամուտների մոտ կեսը, ինչը նշանակում է, որ Մոսկվան նույնքան կախված է իր էներգետիկ եկամուտներից, որքան Եվրոպան՝ իր մատակարարումներից:

«Եթե Ռուսաստանը որոշի օգտագործել որպես զենք իր բնական գազի կամ նավթի մատակարարումները, դա անհետևանք չի մնա Ռուսաստանի տնտեսության համար»,- ասել է պաշտոնյան:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին հրաժարվել է հաստատել այն տեղեկությունը, որ Քաթարն այն երկրներից մեկն է, որին դիմում են ԱՄՆ-ը և եվրոպական դաշնակիցները:

«Մեր մոտեցումը չի վերաբերում որևէ երկրի կամ որևէ առանձին սուբյեկտի»,- ասաց նա երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում՝ ավելացնելով, որ վարչակազմը համագործակցում է հեղուկ բնական գազի հիմնական գնորդների և մատակարարների հետ՝ գոյություն ունեցող պայմանագրերում ճկունությունն ապահովելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ուղղել այն դեպի Եվրոպա:

Նախագահ Ջո Բայդենը հունվարի 31-ին Սպիտակ տանը կհանդիպի Քաթարի ամիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ: Սպիտակ տան տեղեկությամբ՝ համաշխարհային էներգիայի մատակարարումների կայունության ապահովումը կլինի առաջնորդների քննարկման թեմաներից մեկը:

Թեև արտակարգ իրավիճակների պլան ունենալը կարևոր է, վերլուծաբաններն ասում են, որ հեշտ չի լինի փոխարինել գոյություն ունեցող ենթակառուցվածքը, հատկապես ներկայիս համաշխարհային մատակարարման շղթայի ճգնաժամի պայմաններում: