211652_close_icon
views-count80676 դիտում article-date 12:00 23-01-2022

Խոշոր հրդեհ Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում. ժամանել են մեծ թվով հրշեջներ. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան. հրշեջները, պարեկներն ու բժիշկները 100-ից ավելի տան բնակիչների են տարհանել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:45-ի սահմաններում Տիչինայի փողոցում՝ սեփական տներից մեկում, պայթյունի ձայն էր լսվել, որից հետո նկատվել է, որ ծուխ և կրակ է առաջացել:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի տեղակալ  Անդրանիկ Խաչատյանը,  2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը:

Նույն գումարտակի  2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը, պարեկներ Մարիամ Կարապետյանը, Վահե Մարտոյանը, Արայիկ Արզումանյանն ու Արման Սողոմոնյանը  Տիչինայի փողոցի սեփական տներից (մոտ  100 տուն) տարհանել են բնակիչներին, իսկ Գեղամ Մինասյանը, Ռոման Միրզախանյանը, Գուրգեն Ոսկանյանն ու Արմեն Հայրապետյանը սահմանազատել են դեպքի վայրը, խաչմերուկներում անցել են ուժեղացված  ծառայության, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, ինչը կհեշտացնի հրշեջ-փրկարարների, օպերատիվորեն ժամանած  Երևանի 103 շտապօգնության բժիշկների աշխատանքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար,  տուժածներ չկան, սակայն հրշեջներին մեկուկես ժամ պահանջվեց մինչև կարողացան նախ կանխել կրակի տարածումը հարևան տներ, ապա մեկուսացրեցին այն:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ:

Գազպրոմի  աշխատակիցները ժամանակավորապես գազազրկել են մեծ թվով սեփական տներ ու Գ. Մովսիսյանի հանձնարարականով  լրացուցիչ ստուգումներ են իրականացնում տուն առ տուն:

Թե ինչն է եղել պայթյունի ու հրդեհի պատճառը՝ պարզվում է:

Տեղում է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի և  քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ:

Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցված է:

Տեղում շտապօգնության բժիշկն ու բժշկուհին և Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանը օգնություն և աջակցություն են ցուցաբերում մի քանի քաղաքացիների:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 434+
434+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր