211652_close_icon
views-count1521 դիտում article-date 10:49 22-01-2022

Հայաստանը մոտենում է «եվրասիական արժեքներին»․ ինչո՞ւ ենք մենք վատի հետ համեմատվում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորների հերթական վիրավորանքները լրագրողների հասցեին գործընկերներիս շրջանում արդարացի բողոք է առաջացրել: Բայց ես կառաջարկեի շատ չնեղվել, որովհետեւ լրագրության հանդեպ վերաբերմունքը իշխանավորների եւ ընդհանրապես քաղաքական գործիչների կողմից հիմնականում այդպիսին է ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր երկրներում՝ այն պահից սկսած, երբ այդ մասնագիտությունն առանձնացավ գրականությունից՝ մոտավորապես 18-րդ դարից:

Օրինակների համար հեռու չգնալու պարագայում կարող ենք հիշել ԱՄՆ նախավերջին նախագահ Դոնալդ Թրամփին, որը թվիթերով (մինչեւ որ չարգելափակվեց), ինչպես նաեւ ասուլիսների, ելույթների ժամանակ մի երկու «քաղցր խոսք» էր ասում իրեն չհամակրող լրատվամիջոցների հասցեին: Այդ վերաբերմունքը կարելի է հակիրճ ձեւակերպել հետեւյալ բանաձեւով՝ «ով մեզ չի գովերգում՝ նա ծախված է»: Եվ վիրավորանքների համար մշտապես գտնվում են արդարացումներ. «Մենք հո բոլորին նկատի չունենք: Իհարկե, կան լավ, բարեխիղճ, պրոֆեսիոնալ լրագրողներ»: Բայց շատ արագ պարզվում է, որ այդ «լավերը» միայն իրենց յուրայիններն են:

Մի խոսքով, խնդիրը միայն այն չէ, թե ինչ է ասվում (որովհետեւ դարեր շարունակ մոտավորապես նույնն է ասվում), այլեւ այն, թե իրականության ո՞ր համատեքստում է այդ ասվածը հայտնվում, ինչի՞ համար է ասվում, ի՞նչ է դրան հետեւում: Վերադառնալով Թրամփն, նկատենք, որ նա, ըստ էության, հնարավորություն չուներ խոսքից գործի անցնելու: Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա այսօրվա Հայաստանի համատեքստը հետեւյալն է. 

1/ ԱԺ-ն մեկը մյուսի հետեւից լրատվամիջոցների դեմ օրենքներ է ընդունում,

2/ հարուցել են արդեն մի քանի տասնյակ գործեր՝ իշխանության ներկայացուցիչներին իբր «վիրավորելու» մեղադրանքով,

3/ գործադիր իշխանությունն իրավապահների եւ դատարանների միջոցով բացահայտ կերպով միջամտում է ՏԻՄ ընտրություններին եւ աշխատում է փոխել այդ ընտրությունների արդյունքները, եթե դրանք կառավարության համար ձեռնտու չեն,

4/ ջանքեր են գործադրվում՝ ինքնուրույն դատավորներից ազատվելու եւ նրանց ծառայամիտ դատավորներով փոխարինելու համար:

Ենթադրում եմ, որ Հայաստանը հակաժողովրդավարական «թրենդով» մոտենում է, կարելի է ասել՝ ձուլվում է «եվրասիական» արժեքային համակարգին, դառնում է, այսպես ասած, «պուտինյան ակումբի լիիրավ անդամ»: Բացառված չէ, որ դա արվում է գիտակցաբար:

…Իհարկե, ի պատասխան այդ ամենի, կարելի է ասել՝ «բա որ նախկինների վախտ…»: Բայց ինչո՞ւ ենք մենք վատի հետ համեմատվում: Եկեք լավի հետ համեմատվենք եւ լավին ձգտենք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր