211652_close_icon
views-count1800 դիտում article-date 09:37 22-01-2022

Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստորեն, լավ էլ «տուգանքի մատերիալ» է «սիրելի ժողովուրդը»: Սա արդեն վաղուց լիովին օրինաչափություն է դարձել: Օրինակ՝ վերջերս, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանում տեղ գտած՝ ՊՇՌ հետազոտություն անցնելու համար վճարելու հետ կապված ձևակերպումը, ապա դրանից հետո առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե այդ որոշումն իրենց հաղթանակն է։ Եթե խոսվում է հաղթանակի մասին, ապա առաջին հերթին հարց է առաջ գալիս՝ ո՞ւմ նկատմամբ։ Պատասխանը պարզ է՝ իրենց ընդդիմախոսների, իսկ իրականում՝ սեփական ժողովրդի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք. սա այն իշխանությունն է, որ հայտարարում էր, թե հող է ժողովրդի ոտքերի տակ և յուրաքանչյուր հարց քննարկելու է ժողովրդի հետ:

Զավեշտալի կլիներ այս ամենը, եթե այսքան տխուր չլիներ... Կարճ ասած՝ այս իշխանություններն ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են ժողովրդի հետ, հաղթանակ են տանում սեփական ժողովրդի նկատմամբ, ու, եթե պետք լինի, ապա Փաշինյանը կարող է հանգիստ, առանց աչքն անգամ թարթելու ներկայացնել, որ այդ ամենը իրենք կատարում են «ժողովրդի անունից» ու ամենակարևորը՝ «ժողովրդի համար»։ Հա, ու անպայման հավելելով՝ «ինչ ուզում, այն էլ անում ենք»: Էլի ձեզ համար, սիրելի՛, թանկագի՛ն «հպարտ քաղաքացիներ», որ գնալով ավելի աղքատ եք դառնում, իսկ իշխանավորները վայելքների մեջ են: Դուք չեք հասկանում, իշխանությունը ձեզ անպայման պետք է հաղթի, այդպես է պետք:

Ոչինչ, որ նրանք պարտվել են պատերազմում, ոչինչ, որ դարձել են հազարավոր հերոսների զոհվելու պատճառ, ոչինչ, որ մեր հայրենիքի զգալի մասի կորստի պատճառ են դարձել, ոչինչ, որ երկիրը հասցրել են անդունդի պռնկին, ոչինչ, որ թշնամու հոխորտանքների դեմ դարձել են «կուռկուռի ձագ», ոչինչ, որ անզոր են պաշտպանելու մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Կարևորը, որ նրանք կարողանան ներսում «հաղթել»՝ ընդդիմադիրներին, ընդդիմախոսներին, ընդհանրապես բոլորին, այդ թվում ու հատկապես նրանց, որոնք դեռ շարունակում են զորակցել սրանց, այսինքն շարունակում են հաճույքով պարտվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր