211652_close_icon
views-count2357 դիտում article-date 10:19 21-01-2022

Արևմուտքի և Ռուսաստանի միջև «կարմիր գիծն» ավելի է բարակում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ժնեւում այսօր կկայանան Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները։ 

Իսկ մինչ այդ երկրները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու «կարմիր գծերը»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ իրեն շատ է անհանգստացնում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր հակամարտության մեջ մտնելու հավանականությունը՝ հույս հայտնելով, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը գիտակցում է «լիամասշտաբ միջուկային պատերազմի» մոտալուտ լինելը։

«Ես շատ անհանգստացած եմ, որ սա կարող է վերածվել միակ պատերազմի, որն ավելի վատ է, քան միտումնավոր՝ ոչ միտումնավոր: Ես անհանգստացած եմ, որ դա կարող է շատ հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն չի ծրագրում զորք ուղարկել Ուկրաինա, նույնիսկ այն դեպքում, եթե ռուսական կողմը ներխուժի նրա տարածք։

Միաժամանակ Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը «երբեւէ չտեսնված պատժամիջոցներ» է պատրաստում Ռուսաստանի համար, եթե Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրվի։

Քաղաքական հայտարարություններին զուգահեռ կողմերը շարունակում են զարգացնել ռազմական եւ ռազմավարական հնարավորությունները՝ բանակցային գործընթացում շահեկան դիրքերից հանդես գալու համար։ Հունվարի 13-ին Նորվեգիայի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը ՌԴ Հյուսիսային նավատորմի հրամանատարությանը ծանուցել է «Cold Response- 2022» բազմազգ զորավարժությունների մասին, որոնք կանցկացվեն մարտ-ապրիլ ամիսներին։ Դրանք տեղի կունենան մի քանի փուլերով, որոնցից մի քանիսը կխաղարկվեն Նորվեգական ծովում, ինչպես նաեւ Նորվեգիայի հյուսիսային եւ կենտրոնական հատվածներում։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունից հայտնել են, որ զորավարժություններին կմասնակցեն 28 պետությունների 35 հազար զինվորականներ, ինչպես նաեւ ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակիրը։ Ի տարբերություն ԱՄՆ ներկայացուցչության, Նորվեգիան Ռուսաստանին տեղեկացրել է 40 հազար զինվորականների զորավարժություններին ենթադրյալ մասնակցության մասին։

Բացի վերոնշյալ զորավարժություններից, բալթյան երկրներում եւ Լեհաստանում հունիսին նախատեսվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության տարվա ամենախոշոր զորավարժությունը՝ «Ramstein Legacy 2022»: Այս մեկին ներգրավված կլինեն շուրջ 5 հազար զինվորականներ 16 երկրից։ Չեխիան եւս հաստատել է իր մասնակցությունը եւ Լեհաստանի տարածք կտեղափոխի խորհրդային 2K12 «Կուբ» զենիթահրթիռային համալիրներով փոքրաթիվ անձնակազմ։ Հայտարարվել է նաեւ Շվեդիայի մասնակցությունը, որը հնարավոր է ներգրավվի անցյալ տարվա նոյեմբերին ստացած ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերով»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր