211652_close_icon
views-count13891 դիտում article-date 13:25 20-01-2022

Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյանը գոհունակություն հայտնեց

2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը: Այս մասին, Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ճանապարհին մեզ համար կարեւորագույն բարեփոխումներից մեկը եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը: Ընդ որում, այդ պրոցեսը բավականին դժվար ընթացավ ձեզ հայտնի պատճառներով: Վրա հասավ կովիդը, հետո վրա հասավ պատերազմը, հետո ներքաղաքական ճգնաժամ եւ մենք շատ բարդ պայմաններում 2021-ի հուլիսին որոշում կայացրեցինք մեկնարկել գործընթացը, թեեւ այն լիարժեք մեկնարկային գործընթացում չէր:

Արդեն շուրջ 6 ամիս ՀՀ-ում գործում է պարեկային ոստիկանություն: Բացի այն, որ պարեկային ոստիկանության շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել, մենք ՀՀ ոստիկնապետի հետ աշխատանքային վերջին հանդիպման ժամանակ ամփոփել ենք միջանկյալ արդյունքները եւ կարծում եմ՝ դրանք արժանի են հրապարակման:

Մասնավորապես, մենք աշխատանքը համեմատել ենք ՃՈ-ի առաջին սպայական գումարտակի աշխատանքի հետ, որը Երեւանի ՃՈ-ն է:

Մասնավորապես, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու ոլորտում նախորդ համեմատելի ժամանակաշրջանում 565 նման արձանագրություն է կազմվել, պարեկային ոստիկանության կողմից 1917, աճը՝ 3.5 անգամ:

Հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություններ. Նախկինում ՃՈ-ի կողմից 953 արձանագրություն է կազմվել, պարեկային ոստիկանության կողմից 3435, աճը՝ 3,5 անգամ:

Գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթեւեկելու համար արձանագրություններ.  Նախկինում 2 արձանագրություն է եղել, պարեկային ոստիկանության կողմից՝ 15, աճը՝ 7 անգամ:

Արառնց վարորդական վկայականի մեքենա վրելու արձանագրություններ. Նախկինում կազմվել է 924 արձանագրություն, պարեկային ոստիկանության կողմից՝ 4674 դեպք, աճը՝ 5 անգամ:

Մայթով երթեւեկելու կամ կայանելու համար. նախկինում արձանագրվել է 60 դեպք, պարեկային ոստիկանության կողմից՝ 571 դեպք, աճը՝ 9,5 անգամ:

ԱՊՊԱ չունենալու համար նախկինում կազմվել է 614 արձանագրություն, պարեկային ոստիկանության կողմից՝ 5476 դեպք, աճը՝ 9 անգամ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը հուլիս-հունվար ժամանակաշրջանի մասին է:

Վարչապետը էլի մի շարք թվեր ներկայացրեց, այդ թվում ոչ ճանապարհային կանոնների խախտումների մասին:

«Քավ լիցի, մեր դրական արձագանքը նրա մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել։ Մեր դրական արձագանքն այն մասին է, որ մեր համոզմամբ ձևավորվել է կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ։

Պարեկային ոստիկանության գործունեության 7 ամսվա ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ, ես ռանգը նկատի ունեմ, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության», - ասաց Փաշինյանը։

Որպես օրինակ վարչապետը նշեց, թե ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք։

«Սա շատ հիշարժան փաստ է, համապատասխան տուգանքը վճարվել է Ոստիկանության պետի ընտանիքի անդամի կողմից»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր