211652_close_icon
views-count1002 դիտում article-date 16:17 19-01-2022

ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի կողմից ներկայացված գիտական թեման

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի էքստրեմալ միջավայրերից մեկուսացված թերմոֆիլ և հալոֆիլ մանրէների էկզոպոլիսախարիդների արտադրությունն ու բնութագրումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։

Նշենք, որ գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական թեմաների հայտերի մրցույթի արդյունքում:

Գիտական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար Հովիկ Փանոսյանի հետ։ Վերջինիս խոսքով, ներկայումս մանրէային ծագման էկզոպոլիսախարիդները (ԷՊՍ) լայն պահանջարկ ունեն դեղագործական և սննդի արտադրություններում, ներկանյութերի ու կենսապլաստիկի ստացման, ինչպես նաև թունազերծման և կենսավերականգնման գործընթացներում. «Մանրէային ծագման ԷՊՍ-ներն օժտված են հակաօքսիդանտային, հակավիրուսային, հակաքաղցկեղային, հակաթրոմբոզային և հակամետաստազային ակտիվություններով: ԷՊՍ-ների արտադրական ստացումն էքստրեմոֆիլ մանրէների կիրառմամբ մի շարք առավելություններ ունի. բացառվում է կոնտամինացիան, սինթեզի գործընթացը կարելի է կազմակերպել՝ շրջանցելով մանրէազերծման ծախսատար և էներգատար փուլերը»։

Ըստ ԵՊՀ դոցենտի՝ գիտական ծրագրի նպատակներն են Հայաստանի էքստրեմալ կենսամիջավայրերից (երկրաջերմային աղբյուրներից, աղուտ-ալկալի հողերից և աղի հանքից) ընտրողաբար մեկուսացնել ԷՊՍ արտադրող թերմոֆիլ և հալոֆիլ մանրէներ, ուսումնասիրել այդ մանրէների արտադրած ԷՊՍ-ների ֆիզիկաքիմիական ու կառուցվածքային առանձնահատկությունները և գնահատել կենսատեխնոլոգիաներում դրանց կիրառման ներուժը: Նրա համոզմամբ, նախատեսված է նաև էքստրեմոֆիլ ԷՊՍ արտադրիչ մանրէների կենսազանգվածի և հետևաբար ԷՊՍ-ների ստացման համար կիրառել գյուղատնտեսական թափոններ, ինչը թույլ կտա իջեցնել արտադրանքի ինքնարժեքը:

Ծրագրում ընդգրկված են 2 ավագ մասնագետ և 2 երիտասարդ գիտնական: Թեմայի խորհրդատուն Նեապոլի կենսամոլեկուլային քիմիայի ինստիտուտի (ինստիտուտը Եվրոպայում էքստրեմոֆիլ մանրէների ԷՊՍ-ների ուսումնասիրության ոլորտի առաջատարներից է) առաջատար գիտաշխատող, պրոֆ. Աննառիտա Պոլին է, որի գիտական խումբը մասնագիտացված է մանրէային ԷՊՍ-ների ուսումնասիրություններում: Հ. Փանոսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է խմբի երիտասարդ հետազոտողների գործուղում Իտալիա համագործակից լաբորատորիայում առկա գերճշգրիտ  սարքավորումներով  ԷՊՍ-ների քիմիական կազմի և կառուցվածքային առանձնահատկությունների վերլուծության նպատակով:

Անդրադառնալով ծրագրից ակնկալվող վերջնարդյունքներին՝ ԵՊՀ դոցենտը նշեց, որ նախագծի հաջող իրականացումը թույլ կտա ստանալ նոր և կենսատեխնոլոգիապես հեռանկարային ԷՊՍ արտադրիչներ և դրանց սինթեզն ապահովող գեներ. «Հեռանկարային  շտամների  ամբողջական գենոմների սեքվենավորումը և ԷՊՍ սինթեզը կոդավորող գեների վերծանումը նախադրյալ են հանդիսանալու հետագայում գենային կենսաինժեներիայի մեթոդներով նոր, բարելավված ցուցանիշներով տրանսգենային շտամների նախագծման համար: Կենսատեխնոլոգիական ներուժ ունեցող ակտիվ շտամ-արտադրիչների ընտրությունը հեռանկարային է լինելու գիտության և արտադրության միջև երկխոսության համար»։

Հ. Փանոսյանի խոսքով, ստացված արդյունքները ներկայացվելու են միջազգային գիտաժողովներում և տպագրվեն ազդեցության գործակցով միջազգային ճանաչում ունեցող գիտական հանդեսներում:

Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ գիտական ծրագրի շրջանակում նախատեսվում է համալրել ամբիոնում ստեղծված էքստրեմոֆիլ մանրէների կուլտուրաների հավաքածուն, ներդնել ԷՊՍ-ների ուսումնասիրության նորագույն մեթոդներ, որոնք ընդգրկվելու են ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի կրթական ծրագրերում՝ որպես լաբորատոր աշխատանքի բաղադրիչներ:

ԵՊՀ Հանրային կապերի ծառայություն 

Նմանատիպ նյութեր