211652_close_icon
views-count1640 դիտում article-date 18:35 18-01-2022

ՀՀ-Թուրքիա գործընթացը չի կարող լինել Փաշինյանի օրոք. մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի. Մամիջանյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող երկու կուսակցություններից ՀՀԿ առաջնորդը եղել է հայ-թուրքական  հարաբերությունների  կարգավորման գործընթացներից մեկի ճարտարապետը, և «Պատիվ ունեմ» խմբակցությունը  իրապես առանց նախապայմանների կարգավորման հետ կապված իր կարծիքը բազմիցս հայտնել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, հայտնում է News.am-ը։

Նա ընդգծեց, որ այստեղ խնդիրն այն է, որ Թուրքիայի  ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների, նախագահ Էրդողանի խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով:

Հայկ Մամիջանյանի խոսքով, հայ-թուրքական  հարաբերությունների  կարգավորման գործընթացը չի կարող իրականացվել հայ ժողովրդի մեջքի հետևում, քանի որ ընթացիկ յուրաքանչուր իրադարձության վերաբերյալ տեղեկացվել են հիմնականում Թուրքիայի արտգործնախարար  Չավուշօղլուից, հետո արդեն ՀՀ ԱԳՆ-ից, իսկ Ստոկհոլմում մեր երկու երկրների ԱԳ նախարարների ոչ ֆորմալ հանդիպման մասին առհասարակ այդպես էլ տեղեկություն չտարածվեց:

«Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշօղլուն արդեն իսկ ասել է, որ յուրաքանչյուր քայլը խորհրդակցում, համաձայնեցնում են Ադրբեջանի հետ:

Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հաշվին, թեպետ արդեն իսկ տեսել ենք  ԱԳՆ արտահայտությունը:

Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ՝  արհամարհելով Սփյուռքի կարծիքը, չլսելով և չխորհրդակցելով Սփյուռքի հետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նշեց, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ լռելյայն, կուլ տալով այն բոլոր վայրագություններն ու հանցագործությունները, որոնք Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և  ունի լկտիություն պաշտոնապես դրանք ընդունելու:

«Այս գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշվի ղարաբաղյան հակամարտության  բանակցությունների: Հիշեցնեմ` Ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խմբի կողմից, որի  անդամ է նաև Թուրքիան, տարածվեց հաղորդագրություն, որտեղ կարևորվում էր ուժի չկիրառման սկզբունքը, իսկ այս պատերազմին Թուրքիան  անմիջական մասնակից էր»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Ըստ նրա, այդ գործընթացը անտրամաբանական է սկսել ենթադրաբար հեռացող նախագահի օրոք,  քանի որ  հաջորդ տարի Թուրքիայում ընտրական տարի է, Էրդողանի վերընտրվելու  շանսերը շատ ցածր են, իսկ նա համարվում է պանթուրքիստական նկրտումներով ղեկավար:

«Այս գործընթացը չի  կարող տեղի ունենալ Փաշինյանի օրոք, որովհետև  մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր