211652_close_icon
views-count1407 դիտում article-date 20:44 18-01-2022

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված հայ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին

Հունվարի 19-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին:

Համերգին ելույթ կունենա հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։

Որպես մենակատար հանդես կգա քանոնահար Մարիաննա Գևորգյանը։ Համերգային ծրագրում Ռուբեն Ալթունյանի և Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործություններն են։ Նշենք, որ քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը վերջերս դարձել է Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը։

Տաղանդավոր հայուհին 115 երկրի 3950 մասնակցների մեջ արժանացել է գլխավոր «Գրան-պրի» մրցանակին։ Հավելենք, որ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը ծնվել է 1939 թ․: 1965թ. արժանացել է Անդրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին, իսկ 1969թ.՝ ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթի 2-րդ մրցանակին: 1987-90 թթ. եղել է Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թթ.` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես եկել տարբեր երկրներում:

Հեղինակել է բազում ստեղծագործություններ:  1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է 2021 թ․։

Նմանատիպ նյութեր