211652_close_icon
views-count1568 դիտում article-date 11:22 18-01-2022

Ինչո՞ւ են այդ երեքը գերիշխող․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի այսօրվա համարում․ «Անցած շաբաթ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ դիտարկումները, որոնք ներկայացվել էին ilur.am կայքում, հիմնականում ճիշտ են: Քաղաքական ասպարեզում գերիշխող եւ խորհրդարանում ներկայացված երեք ուժերը պայքարում են, համապատասխանաբար, իշխանության մնալու եւ իշխանության գալու համար: («Պետական շահի բացակայության» եւ «միջոցների մեջ խտրություն չդնելու» մասին պնդումները կարիք ունեն ավելի մանրամասն հիմնավորման): Երկու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք իշխանության չեն ձգտում, բայց մենք հիմքեր ունենք նրանց չհավատալու: Սերժ Սարգսյանն, օրինակ, 2014 թվականին հայտարարել էր, որ եթե սահմանադրական փոփոխություններով սահմանվի կառավարման խորհրդարանական համակարգ, ապա ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին: Բայց եղավ ճիշտ հակառակը: Քաղաքական գործիչների հայտարարությունները չեն կարող հետեւությունների հիմք լինել:

«Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն»,- միանգամայն արդարացիորեն նշում է առաջին նախագահը՝ նկատի ունենալով, հավանաբար, նաեւ իր ղեկավարած կուսակցությունը՝ Հայ ազգային կոնգրեսը եւ դրա համակիրներին: Հաջորդ նախադասությունը, պետք է ենթադրել, պատասխանում է այն հարցին, թե ինչու է դա այդպես. «Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը»: Դա, իմ կարծիքով, չափազանցություն է՝ Հայաստանում կա առնվազն 5-6 հեղինակավոր կայք, որոնք ակնհայտորեն այդ երեքի շահերը չեն սպասարկում:

Միայն քարոզչությամբ եւ դրա համար առկա ռեսուրսներով, որոնց մեծ մասին, իհարկե, տիրապետում են վերոհիշյալ երեք ուժերը, հնարավոր չէ բացատրել ներկա իրավիճակը: Այստեղ նշանակություն ունեն նաեւ այլ գործոններ, որոնցից մեկի մասին կարող եմ խոսել միայն թռուցիկ՝ տեղի սակավության պատճառով: (Իհարկե, դրա մասին պետք է խոսեն սոցիոլոգներն ու քաղաքագետները, բայց այդ խնդրի զուտ գիտական վերլուծություն ես առայժմ չեմ տեսել): Ներկայիս վարչապետի վարկանիշն այսօր էլ բավականին բարձր է՝ հե՛նց Փաշինյանի, ոչ թե ՔՊ-ի, կառավարության կամ խորհրդարանի: Այդ վարկանիշի զգալի մասն «ապահովված» է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հակավարկանիշով: Այն պահին, երբ հիմնական ընդդիմադիր ուժերը չասոցացվեն երկրորդ եւ երրորդ նախագահների հետ (իսկ այդ պահը վաղ թե ուշ կգա), կհայտնվեն Փաշինյանի լուրջ մրցակիցներ, որոնք կբավարարեն հասարակության մեծամասնության պահանջմունքները:

Այդ պահանջմունքներն, իրենց հերթին, այսօրվա դրությամբ կապված չեն անվտանգության, Արցախի, հայ-թուրքական հարաբերությունների, առավել եւս՝ ժողովրդավարության եւ իրավական պետության հետ: Հիմնական պահանջը «արդարությունն» է: Այդ բառն ունի, բնականաբար, բազմաթիվ իմաստներ. 1/ օրենք, 2/ գթասրտություն, 3/ նախորդ իրավիճակի վերականգնում, 4/ հավասարություն, 5/ անհավասարություն՝ հօգուտ կարիքավորների, 6/ հատուցում, պատիժ, վրեժ: Այս վերջին իմաստն առայժմ գերակայում է մեր քաղաքական դաշտում եւ ձեւավորում է բանավեճի «mainstream»-ը: Բայց այդ իրավիճակն, ինչպես ասացի, հավերժ չի տեւի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր