211652_close_icon
views-count2568 դիտում article-date 15:36 14-01-2022

Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Էրդողանի օգնականի խոսքերի առնչությամբ

Մոսկվան Անկարայից պարզաբանում է խնդրել Ղազախստանում ՀԱՊԿ ուժերը կիրառելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի օգնականի հայտարարության առնչությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:  

«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել է ՀԱՊԿ-ին հրավիրելու հետ կապված՝ Ղազախստանի գործողությունները: Մենք հիմա խնդրել ենք մեր թուրք գործընկերներից պարզաբանում այն մասին, թե ինչ է դա նշանակում»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, նախարարը, պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին, ընդգծել է, որ չի նկատել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների «նյարդային արձագանքը»՝ կապված ՀԱՊԿ խաղաղապահներ Ղազախստան ուղարկելու առնչությամբ:

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգնի բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում էր կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

ՀԱՊԿ-ի խաղաղապահների ստորաբաժանումներն ավարտել են իրենց առաքելությունը Ղազախստանում: Հունվարի 14-ին Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի խաղաղապահների ստորաբաժանումները հեռացել են Ալմաթիից եւ մեկնել մշտական տեղաբաշխման վայրեր:

Նմանատիպ նյութեր