211652_close_icon
views-count1097 դիտում article-date 10:38 14-01-2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ

Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»:
***
32 տարի առաջ այս օրը սկիզբ առած Բաքվի հայերի ջարդերը պետական հովանավորչությամբ հայատյացության ուղիղ հետևանք էին. այսօր լրանում է այդ ջարդերի 32-րդ տարելիցը` 3-րդը Բաքվում հայերի 1905թ. և 1918թ. զանգվածային ջարդերից հետո:

1990թ. հունվարի 13-19-ը ու նաև մինչ 20 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով սպանվեցին, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին բազմաթիվ հայեր: Մինչ այդ վայրագությունները Բաքվում ապրում էր 230-250 հազար հայ:
Փաստերը հաստատում են, որ Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԱՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորել են դրանք:
Ադրբեջանի ազգային ճակատի հունվարի 11-ի հանրահավաքի ընթացքում Բաքվից հայերի վտարման և դեպի Ղարաբաղ լայնածավալ զինված արշավի կոչեր հնչեցին:

Հունվարի 13-ին Բաքվում հայերի ջարդերն արդեն կազմակերպված և համատարած բնույթ ստացան։ Նույն օրը երեկոյան մոտ 50,000 ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» և այլ կարգախոսներ, հավաքվեց Բաքվի Լենինի հրապարակում՝ հանրահավաքի:

Այնուհետև, Ճակատի ակտիվիստների ղեկավարությամբ խմբերի բաժանվելով, ջարդարարները սկսեցին հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «մաքրել» հայերից: Առկա են բազմաթիվ վկայություններ՝ բացառիկ դաժանությամբ իրագործված վայրագությունների ու սպանությունների մասին։ Օրինակ՝ մարդկանց պատուհաններից դուրս նետելու, երկաթե ձողերով ու դանակներով սպանելու, կանանց բռնաբարելու, ողջակիզելու դեպքեր:

Ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը» (https://www.gazeta.ru/science/2020/01/11_a_12905720.shtml...):

Բաքվի հայ փախստականների վկայությունների համաձայն՝ սկզբում բնակարան էր ներխուժում 10-20 հոգանոց խումբ և սկսում ծեծի ենթարկել, վայրագություններ անել:
Այնուհետև, հայտնվում էր Ազգային ճակատի ներկայացուցիչը, որպես կանոն, բնակարանի փոխանակման կամ, իբր, վաճառքի մասին արդեն պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթերով, որից հետո տանտերերին առաջարկվում էր անհապաղ լքել բնակարանը և ուղևորվել նավահանգիստ: Մարդկանց հիմնականում թույլատրում էին վերցնել անձնական իրերը, սակայն, միևնույն ժամանակ, խլում էին փողը, թանկարժեք իրերը, խնայողական գրքույկները:
 
Փաստերը վկայում են, որ ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը ներկայացրել են՝ որպես սրտային խանգարումներ)։ Տարբեր տվյալներով սպանվել է մինչև 450 ու դրանից ավելի մարդ:
Փաստերը հաստատում են, որ խոսքը էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր:

Ապացույցները հաստատում են, որ հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլ հետագա տարիներին ականատես ենք եղել ավելի դաժան դրսևորումների:
Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտագելը խրախուսվել է Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից:

Սրա կոնկրետ վկայություն է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով իր հյուրանոցի սենյակում՝ քնած վիճակում: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև արժանացավ բարձրագույն մակարդակի հերոսացման:

Արցախի բնակչության դեմ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք վկայում են ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագությունների, այդ թվում՝ հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանությունների, խոշտանգումների, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքերի մասին:
 
Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն՝ հայատյացության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն:
 
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
 

Նմանատիպ նյութեր