211652_close_icon
views-count4974 դիտում article-date 15:56 13-01-2022

Պետությունը մինչև 5.5 մլն դրամ կհատկացնի զոհվածների ծնողներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկվեց Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը հաստատելու մասին նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ սրանով հնարավորություն կտան, որ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական բուժօգնության ծառայությունները դառնան ավելի նպաստավոր ու շահավետ:

«Գործող կարգավորումներով արդեն իսկ զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվում է որոշակի սահմանափակ հնարավորություն՝ օգտվելու անվճար կամ արտոնյալ վերարտադրողական բուժօգնության ծառայություններից, սակայն դրանք ամբողջապես չեն ծածկում ծախսերը, օրինակ, չեն ծածկում փոխնակ մոր ծառայությունների, դոնորական ծառայությունների ծախսերը»,- ասաց նախարարը:

«Վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ այս պահին բազմաթիվ որդեկորույս ծնողներ որոշում են կայացրել  զավակներ ուեննալ, բայց քանի որ այդ ծառայություններն բավականին թանկ են՝ չեն կարողանում կայացնել այդ որոշումը»,-ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ ծախսերն ամբողջությամբ կիրականացվի պետության կողմից՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու դեպքում պայմանագրով նախատեսված վճարումների 100 %-ի չափով, բայց ոչ ավել քան 5.5 մլն դրամը և դոնորական ծառայության համար ոչ ավել քան 600 հազար դրամը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սա պարզ հարց չէ, որովհետև նման քննարկումներ տարբեր ժամանակներ ունեցել են:

«Հարցը բազմաթիվ նրբություններ ունի, այդ թվում, էթիկական նրբություններ, մենք այս որոշումներին մոտեցել ենք փուլ առ փուլ: Նաև մեր զոհված զինծառայողների ծնողների հետ ամենատարբեր շփումների, քննարկումների արդյունքում որոշումը կայացրել ենք այն ժամանակ, երբ համոզվել ենք, որ իրենք են նախաձեռնողն ու իրենք են շահառու», - ասաց վարչապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ 2021 թվականի ընթացքում արդեն իսկ ունեցել են 27 հղիություն, 35 դիմող էլ սպասում է այս հատվածի ներառմանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե 2021 թվականի ընթացքում զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել. «Սա շատ խորհրդանշական, արժեքային ու գաղափարական նշանակություն ունեցող փաստ է, իմ խոնարհումը բոլոր այն ծնողներին, ովքեր նման որոշում են կայացրել»,- նշեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր