211652_close_icon
views-count1132 դիտում article-date 12:31 13-01-2022

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով ավելացնում է բոլոր սահմանամերձ համայնքների ֆինանսավորումը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Հայաստանի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրերն ավելի արդյունավետ դարձնելու համար ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են արվում: Այս տարի առանձնացվել է մոտ 10 փոփոխություն՝  նպատակ ունենալով ավելի բարելավել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը:

«Նախորդ տարիներին սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքները նշվում էին մեկ  տողում: Հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել, որպեսզի կառավարության կողմից տրվող աջակցության չափն այդ ուղղությամբ ավելի մեծացվի: Նշեմ, որ փոփոխությունը վերաբերում է բոլոր սահմանամերձ համայնքներին»,-ասաց նախարարը:

Նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերի աջակցման գործում նոր ուղղություն է ավելացվում:

«Համայնքներում բացակայում է  գերարագ ինտերնետը, ուզում ենք մտցնել օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցման նոր ուղղություն՝ այսպիսով առաջարկելով, որ կառավարությունը համայնքների հետ մասնակցություն ունենա այս ծրագրի իրականացմանը»,-ասաց նախարարը:

Այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ կարևոր է եռակողմ աշխատանքը: Դաշտում հետաքրքրված ընկերություններ նույնպես կարող են մասնակից դառնալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ ճանապարհների կառուցման գործընթացում որպես կարևոր բաղադրիչ պետք է հաշվի առնվի մալուխների ենթակառուցվածքը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ապաստարանների վերանորոգմանն ու կառուցմանը: Նախարարը նշեց, որ համայնքներին հնարավորություն կտրվի կառավարության աջակցությամբ իրականացնել այդ ծրագրերը:

«Մյուս կողմից կառավարությունը կմեծացնի իր մասնաբաժինն այն ծրագրերում, որոնց համար համայնքներն ամենաշատն են դիմում: Խոսքն ասֆալտապատման, ջրագծերի կառուցման մասին է»,-հավելեց նախարարը:

Գնել Սանոսյանը նկատեց, որ տարբեր գործառույթներով տարբեր մարմիններ աշխատանքներն ընդունելու որոշակի ընթացակարգ ունեն: Նախատեսվում է ծրագրերի ավարտից մեկ տարի հետո մշտադիտարկել դրանք, խնդիրների դեպքում համապատասխան որոշումներ ընդունելու համար:

Նմանատիպ նյութեր