211652_close_icon
views-count2479 դիտում article-date 10:48 13-01-2022

Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հունվարի 11-ին ՀՀ արեւելյան սահմանին՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարակից հատվածում ադրբեջանական զինուժը կրկին խախտեց հրադադարը, որի հետեւանքը եղավ երեք ժամկետային զինծառայողի զոհվելը եւ եւս երեքի վիրավորումը: Հակառակորդը սադրանքի դիմելուց եւ համարժեք հակահարված ստանալուց հետո անմիջապես հայտնեց իր զինծառայողի կորստի մասին: Ինչպես դեպքերի հետագա ընթացքը փաստեց, ադրբեջանական զինուժի կորստի մասին նման օպերատիվ եւ բծախնդիր արված հայտարարության նպատակը մեկն էր՝ ՀՀ ԶՈՒ սահմանապահ ստորաբաժանումների դեմ հրետանի եւ անօդաչու թռչող սարքեր կիրառելը: Բաքվի այդ քայլը լիովին բացատրելի է, քանզի այնտեղ քաջ գիտակցում են, որ իրենց զինուժը ունակ չէ միայն հրաձգային զինատեսակներով սադրանքներ իրականացնել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողների դեմ:

Այստեղ հատկանշական է նաեւ այն, որ ռազմական հերթական գործողությունները ծավալվեցին ՀՀ տարածքում, որտեղ ապօրինի ներխուժել եւ տեղակայվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ: Գեղարքունիքի դեպքերի նախորդ օրը միանգամից երեք միջադեպ էր գրանցվել Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով. ադրբեջանցիները թիրախային կրակ էին բացել ԱՀ Կարմիր Շուկա ու Նախիջեւանիկ գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ եւ Շուշիի մերձակայքում քարերով վնասել էին Արցախից Հայաստան մեկնող ավտոմեքենան, որում եղել էին կին ու մանկահասակ երեխա:

Վերոհիշյալ դեպքերի ժամանակագրությունը եւ տրամաբանությունը փաստում են, որ Ադրբեջանը որդեգրել է սողացող պատերազմ վարելու մարտավարությունը: Նման պատերազմների համաշխարհային փորձը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական շփման գծում վերջին 30 տարիներին Բաքվի հրահրած նման գործողությունները փաստում են, որ այն երբեւէ որեւէ արդյունքի չի բերում, երկուստեք զոհերից բացի: Մյուս կողմից՝ նման միջադեպերը մերկացնում են Հայաստանին խաղաղության ձեռք մեկնելու, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ձգտումների մասին ադրբեջանաթուրքական առաջնորդների հայտարարությունների կեղծ էությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր