211652_close_icon
views-count1340 դիտում article-date 10:29 13-01-2022

«Իշխանա-ընդդիմադիր» պարզունակ սխեմաները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չնայած Հայաստանի իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունն իրար հասցեին պարբերաբար ծանր մեղադրանքներ են հնչեցնում՝ կան կարեւոր խնդիրներ, որտեղ նրանք իրար հետ, կարծես թե, սկզբունքորեն համաձայն են: Ղազախստանի վերջին իրադարձությունները դրա վառ ապացույցն էին: Երկու կողմերն էլ միակարծիք են այդ իրադարձությունների «մոսկովյան» մեկնաբանության հետ. կար հրաշալի իրավիճակ եւ նույնքան անթերի իշխանություն, ու հանկարծ Արեւմուտքի կողմից «սրսկված» մութ ուժերը, ահաբեկիչները, հանցագործները ցանկացան այդ հովվերգությունը փչացնել՝ նրանք «Մայդանի սցենարով» անկարգություններ կազմակերպեցին: Դե, որ Պուտինն այդպես է մտածում, ապա մեր իշխանությունն ու ընդդիմությունը քանի՞ գլխանի են, որ այլ կերպ մտածեն:

Նրանց վարկածը Հայաստանի սահմաններին վերջերս տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նույնպես «միասնական է»: Ըստ այդմ, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն հաշտվել եվրասիական դաշինքի հակաթուրանական հուժկու հարվածի հետ եւ այժմ փորձում են վրեժխնդիր լինել:

Պետք է ասել, որ մեր «արեւմտամետ» ընդդիմությունն էլ բավականին պարզունակ մեկնաբանություններ է անում: Մոտավորապես այսպես՝ Փաշինյանի իշխանությունն, իհարկե, հրաշքների հրաշքն է, բայց թերեւս չարժեր զորք ուղարկել՝ Ղազախստանում ժողովրդավարական շարժումը ճնշելու համար:

Այդ երկու՝ ռուսամետ «իշխանա-ընդդիմադիր» եւ արեւմտամետ «իշխանա-ընդդիմադիր» մոտեցումները թեեւ հասկանալի են՝ շահագրգռվածությունների առումով, բայց սխալ են մեթոդաբանության տեսանկյունից: Դրանք ելնում են հետեւյալ կանխադրույթներից. 

ա/ աշխարհում, բացի Ռուսաստանի եւ Արեւմուտքի անհաշտ պայքարից, ոչ մի այլ գործոն, շարժիչ ուժ չկա,

բ/ այդ երկուսը խաղում են միայն «մեկ քայլանոց կոմբինացիաներով», պայմանականորեն ասած՝ միայն զինվորներն ու մնացած ֆիգուրներն առաջ տալով,

գ/ նրանք երբեք ոչ մի հարցում չեն սինքրոնացնում իրենց քայլերը:

Մինչդեռ չի կարելի անվերապահորեն պնդել, որ Ղազախստանում զանգվածային բողոքները բացառապես Արեւմուտքի եւ ինչ-որ ահաբեկիչների սադրանքի արդյունք են: (Հայաստանում ոչ ոք դեռեւս չի արել Ղազախստանի ներքին գործընթացների լուրջ եւ բազմակողմանի վերլուծություն): Միանշանակ չէ, որ Նազարբաեւի ռեժիմը Կրեմլին ամբողջությամբ բավարարում էր: Դժվար է համաձայնել, որ Արեւմուտքը շահագրգռված է «Մեծ Թուրանի» ծրագրերի իրագործմամբ՝ շատ ավելի հավանական է, որ դրան հակազդելու հարցում Վաշինգթոնը, Բրյուսելը եւ Մոսկվան համակարծիք են: Բացի այդ, հայաստանյան պարզունակ սխեմաներում ոչինչ չի խոսվում կարեւոր, ուժեղ եւ շահագրգռված խաղացողի՝ Չինաստանի մասին: Վերջապես, Ադրբեջանն ագրեսիայի համար բազմաթիվ այլ պատճառներ ունի, բացի ղազախական իրադարձություններից:

Քաղաքական գործիչներն, իհարկե, կարող են վստահ տոնով պնդել իրենց «սեւ-սպիտակ ճշմարտությունները»: Բայց եթե մարդիկ ուզում են հասկանալ գործոնների բազմազանությունը, ապա այդ «մանիքեական» տեքստերը բավարար չեն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր