211652_close_icon
views-count1989 դիտում article-date 09:13 13-01-2022

Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցություններն ավարտվել են առանց առաջընթաց գրանցելու․ «Ամերիկայի ձայն»

Աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքի անդամները չորեքշաբթի օրը Բելգիայում հանդիպում անցկացրին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ նոր հակամարտությունը կանխելու ուղիները: Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առանցքային բանակցությունների մի մասն է։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Չորս ժամ տեւած բանակցություններից հետո Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք հեռու են համաձայնությունից: «Մեր տարաձայնությունները հեշտ չի լինի կամրջել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ից պահանջում է դադարեցնել ընդլայնումը դեպի արևելք և հետ պահել դաշինքի առաջխաղացումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջուլիանա Սմիթն ասել է, որ ՆԱՏՕ-ն հաստատակամ է ի՛ր դիրքորոշման հարցում: «Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ չի ցանկանում գնալ զիջումների կամ քննարկել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության հետ կապված որևէ հարց», - ասել էր նա:

ՆԱՏՕ-ի դաշնակիցները չորեքշաբթի օրը վերահաստատեցին, որ մերժում են Ռուսաստանի հորդորներն ու պահանջները։ ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար, պետքարտուղարի տեղակալ Վենդի Ռ. Շերմանը Ռուսաստանի որոշ պահանջներ անվանել է «պարզապես ոչ մեկնարկային»:

Բանակցությունների ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Վ. Գրուշկոն հայտարարել է. «Ուզում եմ ասել, որ քննարկումը բավականին ազնիվ, անմիջական, խորը և ընդգրկուն էին։ Բայց միևնույն ժամանակ դրանք ցույց տվեցին մեծ տարաձայնություններ հիմնարար հարցերի շուրջ»։

Ռուսաստանը մոտ 100.000 թվակազմով ռազմական ուժեր է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանների մոտ և օկուպացված Ղրիմում, որը կարող է դառնալ «նախերգանք» նոր պատերազմ սկսելու համար:

ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գործընկերների և դաշնակիցների հետ միասին պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիան իր իսկ համար լուրջ կորուստ դառնա:

«Ընդհանուր առմամբ, մենք ունենք պատկերացում, թե ինչպիսի ինտենսիվ ֆինանսական միջոցներ պետք է ձեռնարկենք», ասել է նա ու ավելացրել, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները միասին կմշակեն միջոցառումների բավականին «ցավոտ փաթեթ»։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանին կոչ են արել «անհապաղ դեէսկալացնել իրավիճակը Ուկրաինայում և հարգել իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն պարտավորվել հետ քաշել զորքերը, ոչ էլ մերժել են պահանջը:

ՆԱՏՕ-ն նախազգուշացնում է Եվրոպայում նոր պատերազմի վտանգի մասին։

Նմանատիպ նյութեր