211652_close_icon
views-count869 դիտում article-date 17:57 12-01-2022

Զարուհի Բաթոյանը հրավիրվել է «Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննող հանձնաժողով

2019-2020 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ներկայացնում է նախարարության մասով իրականացված աշխատանքները, պատասխանում պատգամավորների հարցերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթոյանի խոսքով, մասնավորապես պատերազմի շրջանում Հայաստանում միայն պետական միջոցներով կարող էին ապահովվել 3500 անձի համար կացության նվազագույն պայմաններ: «Նկատի ունենալով, որ 90 հազարից ավելի արցախցիներ էին Երևան ժամանում՝ այս մասով մենք չունեինք այլ տարբերակ, քան մեր հասարակության աջակցությանն ապավինելու: Եվ ի պատիվ մեր հայրենակիցների, նաև մասնավոր սեկտորի, մենք կարողացանք այնպես անել, որ որևէ արցախցի չգիշերի դրսում: Իհարկե շատ-շատ էին դժվարությունները, չեմ կարող ասել, որ խնդիրներ չկային»,-ասաց Բաթոյանը:

Արցախցիների համար կացության, սննդի ապահովումը, ըստ Բաթոյանի, իրականացվել է հիմնականում մասնավոր սեկտորի, բարեգործական կազմակերպությունների միջոցով: «Այս ծրագրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը որևէ անմիջական ֆինանսական աջակցություն չի իրականացրել»: Բաթոյանի խոսքով՝ նախարարությունը հիմնականում համակարգման աշխատանքներ է իրականացրել, երբ դիմել են բարերարներ, բարեգործներ, իրենք ուղղորդել են, որ այդ աջակցությունը լինի ուղղակիորեն:

Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք Բաթոյանը երբևէ մասնակցե՞լ է քննարկման, որտեղ խոսք կգնար կառավարությանը փոխանցվող՝  համահայկական հիմնադրամի միջոցների շրջանակում որոշակի ծրագրեր իրականացնելուն:

Բաթոյանը հիշեց քննարկումներ, որոնք հատկապես ուղղված են եղել առողջապահական միջոցառումներին: «Ես կարող եմ հիշել հատկապես Շտապօգնության մեքենաների, առողջապահական ծառայությունների հետ կապված որոշակի միջոցառումներ, որտեղ ի սկզբանե հիշատակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը»,-ասաց նա՝ նշելով, որ հիմնադրամի աջակցությունը հիմնականում ուղղված է եղել ոչ թե սննդի կամ կացության հարցերին, այլ հիմնականում առողջապահական հրատապ խնդիրների լուծմանը, որոնք առկա են եղել այդ ժամանակ:

Հայաստան համահայկական հիմնադրամը կառավարությանը փոխանցել էր հավաքագրված գումարներից  52 մլրդ 703 մլն 113 հազար 3952 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր