211652_close_icon
views-count2975 դիտում article-date 14:55 12-01-2022

«Covid-19» համավարակը՝ որպես համաշխարհային առողջապահության նոր մարտահրավեր. ԵՊՀ-ում մշակվելու են հիվանդության կանխարգելման նոր և արագ ախտորոշիչ մեթոդներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, դոցենտ Աննա Կարապետյանի «Covid-19-կապակցված միկոզներով հիվանդների վերին շնչուղիների լորձաթաղանթի հիստոմորֆոլոգիական փոփոխությունների և տեղային իմունային պատասխանի գնահատումը» գիտական թեման ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի կողմից: Համալսարանական դասախոսի ներկայացրած նախագծի գիտական նորույթը «COVID-19»-կապակցված միկոզներով տառապող հիվանդների վերին շնչուղիների լորձաթաղանթի հիստոմորֆոլոգիական փոփոխությունների և տեղային իմունային պատասխանի գնահատման նոր մոտեցումների մշակումն է:

Դրանց պարզաբանումն ու բազմակողմանի հետազոտումը միանգամայն անհրաժեշտ են նախազգուշական և բուժական միջոցառումների մշակման տեսական հիմքերի ստեղծման համար: «1922 թ. անգլիացի հնէաբան Հովարդ Քարթերը Լուքսորում՝ Թագավորների սարահարթում, հայտնաբերեց Թութանհամոնի դամբարանը: Հետագա 7 տարիների ընթացքում Քարտերի արշավախմբի 29 անդամներ վաղաժամ մահացան: Առաջինը մահացավ հնէաբանի  հովանավորը՝ լորդ Քարներվոնը, որը նրա հետ միասին մտել էր դամբարան: Շուտով լրագրողները սկսեցին գրել  փարավոնների անեծքի մասին: Իրականում վերջիններիս մահվան պատճառը միկոտոքսիններն էին»,- պարզաբանում է Ա. Կարապետյանը: Միկոզները հիվանդություններ են, որոնց հարուցիչներն ախտածին սնկերն են: Ներկայումս  հայտնի են ախտածին սնկերի 100, իսկ պայմանականորեն՝ 400 տեսակներ: Այդ սնկերը տարածված են հողում, բորբոսասնկերի սպորները և սնկամարմնի մասնիկները մշտապես առկա են քաղաքների օդում, բնակարաններում, բաց տարածքներում:

Ապացուցվել է, որ սնկամարմնի մասնիկները, որոնք հաճախ անջատվում են աղտոտված մակերևույթներից, պահպանում են իրենց կենսունակությունը և կարող են աճել: Համապատասխան պայմանների առկայության դեպքում ախտածին սնկերի սպորները կամ սնկամարմինը ներդրվում են մարդու հյուսվածքների մեջ և առաջացնում են միկոզային պրոցեսներ: Սնկերից արտադրվում են թունավոր նյութեր՝ միկոտոքսիններ, որոնք պատճառ են դառնում օրգանիզմում զանազան ախտաբանական երևույթների զարգացման համար: «Ներկայումս տարբեր երկրներում դիտվում է միկոզներով հիվանդացության աճ, որն էլ  պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հերթին դա այն հիվանդությունների աճն է, որոնք ուղեկցվում են իմունային անբավարարությամբ:

Միկոզներով հիվանդացության աճը պայմանավորված է նաև հակաբիոտիկների չվերահսկվող կիրառմամբ, որոնք, ճնշելով բակտերիաների աճը, առաջացնում են դիսբակտերիոզ: Դրա հետևանքով զարգանում է սնկային ինֆեկցիան: Վերին շնչուղիների միկոզները դիտվում են բավական հաճախ, քանի որ այդ օրգանների լորձաթաղանթը, ինչպես նաև մաշկը սնկային վարակների դեմ առաջին պատվարն են և տեղակայման առաջին վայրը»,- ասում է ԵՊՀ դոցենտն ու հավելում, որ «COVID-19»  համավարակի պայմաններում համաշխարհային առողջապահության համար նոր մարտահրավերներ են առաջ գալիս, ուստի նոր և արագ ախտորոշիչ մեթոդների հայտնաբերումը, բուժման նոր մոտեցումները և պատվաստանյութերի անհրաժեշտությունը համարվում են հրատապ:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ  «COVID-19»-ով վարակված հիվանդների մոտ երկրորդային վարակների զարգացման հավանականությունը բարձր է և լուրջ սպառնալիք է առողջապահական համակարգի ու հիվանդների առողջության համար: Ամբողջ աշխարհում հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հոսպիտալացված հիվանդների զգալի մասի օրգանիզմում զարգանում է երկրորդային սնկային ախտահարում, ինչը դառնում է բարդությունների և նույնիսկ մահվան պատճառ:

«Կորոնավիրուսային հիվանդության ընթացքում տեղի ունեցող ցիտոկինային հողմի հիմնական ցիտոկիններից է «Ինտերլեյկին 6»-ը, որը բազմաֆունկցիոնալ ցիտոկին է և կարող է կարևոր դեր ունենալ ասպերգիլների դեմ պաշտպանության թուլացման մեջ, ինչն իր հերթին մեծացնում է ասպերգիլոզի առաջացման հավանականությունը ծանր և ծայրահեղ ծանր «COVID-19»-ով հիվանդների դեպքում: Բացի դրանից՝ վիրուսային վարակների դեպքում առաջացած սուր շնչական դիսթրես համախտանիշով հիվանդների պարագայում առկա է ինվազիվ սնկերով ախտահարումների մեծ ռիսկ: «COVID-19» ասոցացված ինվազիվ թոքային ասպերգիլոզը (CAPA՝ COVID-19 Associated Invasive Pulmonary Aspergillosis) նոր առանձնացված եզրույթ է և առայժմ լավ ուսումնասիրված չէ»,- փաստում է Ա. Կարապետյանը: Ուստի առաջարկվող նախագծի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ շնչուղիների լորձաթաղանթի վրա «COVID-19» կապակցված միկոգեն գործոնների ախտածին և իմունածին ազդեցության հետևանքների հյուսվածաբանական և իմունահիստոքիմիական  օրինաչափությունները բավարար չափով ուսումնասիրված չեն. հետևաբար այս հետազոտության անհրաժեշտությունը հրատապ է և արդիական:

Հավելենք, որ ներկայացվող հետազոտական ծրագիրը նախատեսվում է իրականացնել ԵՊՀ մարդու և կենդանիների ամբիոնի ու մի շարք կլինիկական հաստատությունների հետ համատեղ: «Մեր նախագծում ընդգրկված են նաև գիտական գործունեություն ծավալող բժիշկներ: Դա շատ կարևոր է, քանի որ մեզ հնարավորություն է ընձեռվում խնդրի տեսական և գործնական բաղադրիչները փոխկապակցելու համար:

Ուստի մենք պատրաստվում ենք համագործակցության հուշագրեր կնքել մի քանի հեղինակավոր առողջապահական կենտրոնների հետ»,- ամփոփեց Ա. Կարապետյանը: -- ԵՊՀ մամուլի խոսնակ, 

Երևանի պետական համալսարան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր