211652_close_icon
views-count1844 դիտում article-date 10:55 12-01-2022

Չծխելը և պատվաստվելը մշակույթի հարց է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հունվարի 22-ից հանրային որոշ վայրեր մուտքն այլեւս չի թույլատրվելու առանց պատվաստվելու կամ PCR թեսթի մասին համապատասխան տեղեկանքի: Իսկ այս տարվա մարտից կարգելվի ծխելը հասարակական փակ եւ բաց տարածքներում: Գիտեմ, որ շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց կարծում եմ, որ դրանք քայլեր են ճիշտ ուղղությամբ: Բացառություն է, ինձ թվում է, PCR թեսթի պահանջը. սոցիալական այս ծանր վիճակում, շեշտակի թանկացումների պայմաններում չի կարելի մարդկանցից հավելյալ ծախսեր պահանջել: Թեսթերը կա՛մ քաղաքացիների համար պետք է անվճար լինեն (պետության կամ/եւ գործատուների միջոցով), կա՛մ ընդհանրապես պարտադիր չլինեն:

Այդ բոլոր որոշումներն ունեն միայն մեկ թերություն. դրանք կյանքի չեն կոչվելու: Հիշեցնեմ, որ այս պահին էլ ուժի մեջ են առողջապահության նախարարի հրամաններն այն մասին, որ, օրինակ, տրանսպորտում եւ փակ տարածքներում պետք է դիմակ կրել: Քանի՞ տոկոսով են կատարվում այդ պահանջները: Ինչո՞ւ պիտի այս նոր հրամանների պարագայում իրավիճակը տարբեր լինի: 2-3 օր սրճարանների տերերը ձեւ կանեն, իբր ստուգում են QR կոդերը, իսկ այնուհետեւ ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Հայաստանում չկա այդքան ոստիկան կամ տեսչական մարմինների աշխատակից, որ կարողանան բոլոր սրճարաններին հետեւեն: (Ոստիկանները հազիվ հասցնում են հետեւել, թե ով ինչ է ֆեյսբուքում գրում բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին):

Մինչեւ չփոխվի մշակույթը, այսինքն՝ մինչեւ մարդիկ, օրինակ, չհասկանան, որ ուրիշ մարդկանց ներկայությամբ ծխելը տգեղ, անդաստիարակ վարքի դրսեւորում է, այդքան ժամանակ որեւէ բան չի փոխվի: Ոստիկանները չեն հետեւում, չէ՞, որ մարդիկ, ասենք, ներքնաշորերով փողոցում ման չգան: Որովհետեւ մեր հասարակության մեջ կա որոշակի կոնսենսուս, որ նման վարքն անընդունելի է: Իսկ մարդու դեմքին ծուխ չփչելու վերաբերյալ նման համաձայնություն չկա:

Չկա համաձայնություն ավելի կարեւոր խնդիրների, այդ թվում՝ պետական ծառայության վերաբերյալ: Ինչ էլ ասեն նախահեղափոխական եւ հետհեղափոխական իշխանավորները, պետական ծառայությունը վերջին առնվազն 50 տարում եղել եւ մնում է սոցիալական խնդիրները «միջինից բարձր» մակարդակով լուծելու միջոց: Ինչո՞ւ ուսուցիչը կամ համալսարանի դասախոսը կարողանում են ապրել 100-200 հազար դրամ աշխատավարձով: Որովհետեւ, ըստ այդ տրամաբանության (որն, իհարկե, պաշտոնապես չի բարձրաձայնվում), ուսուցիչն ու դասախոսը «անբաշար» են: Եթե «բաշարեին», կդառնային հարկայինի կամ ՄՌՈՒ-ի աշխատակից: Իսկ վերջիններս, քանի որ «բաշարել են», պիտի օգտվեն իրենց դիրքից՝ թե չէ, ինչի՞ համար են «պետական գործի մեջ մտել»: Հենա ուսուցիչ կդառնային: Կարծում եմ, տրամաբանությունը պարզ է, ու դա մշակութային խնդիր է: 

Չծխելը եւ պատվաստվելը նույնպես կապված է մշակույթի հետ: Եթե օրենքները ներդաշնակ չեն մարդկանց մեծամասնության մտածողության հետ, դրանք (ոչ տոտալիտար համակարգի դեպքում) չեն գործի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր