211652_close_icon
views-count1926 դիտում article-date 10:19 12-01-2022

Հայաստանի համար հոգեբանորեն բարդ է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. «Ամերիկայի ձայն»

Եթե նախկինում Թուրքիան էր դժվարությունների բախվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ապա այսօր հենց Հայաստանի համար է հոգեբանորեն եւ քաղաքականապես բարդ փոխըմբռնման հասնել Թուրքիայի հետ, համոզված է Ատլանտյան խորհուրդ հաստատության Եվրասիայի կենտրոնի տնօրեն, պաշտոնաթող դեսպան Ջոն Հերբսթը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Նրա խոսքով, այսօր Անկարայում շատ մեծ է Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ հետաքրքրությունը.

«Կարծում եմ, այժմ հարաբերությունների հաստատման հեռանկարը շատ ավելի լավ է, քանի որ մինչ վերջին պատերազմը Թուրքիայի համար դժվար էր Հայաստանի հետ փոխըմբռնման հասնել հիմնականում Ադրբեջանի հակազդեցության պատճառով: Սակայն այսօր, հաշվի առնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին պատերազմի ընթացքում օժանդակությունը, Թուրաիան այլեւս կաշկանդված չէ Ադրբեջանի կողմից: Սակայն այս պահին կարծում եմ հոգեբանորեն եւ քաղաքականապես հենց Հայաստանի համար բարդ կլինի Թուրքիայի հետ փոխըմբռնման հասնել»:

Այդուհանդերձ, դեսպանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է նաեւ Հայաստանի շահերից: Թուրքիայի կողմից Վաշինգտոնում այդ երկրի նախկին դեսպանին Հայաստանի հետ բանակցողի պաշտոնում նշանակումն Անկարայի կողմից հետաքրքրության եւս մեկ ապացույց է, նշում է Հերբսթը.

«Հավատացած եմ, այդ հետաքրքրության պատճառների թվում են նաեւ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներն, ինչպես նաեւ` այդ միջոցով Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարելավելու Անկարայի ցանկությունը»:

Հայկական ազգային ասոցիացիայի նախագահ Դոնալդ Ուիլսոն Բուշն իր կողմից նշում է՝ թեեւ համաշխարհային հանրությունը կարծես թե միտված է հնարավորինս աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հենց Հայաստանի եւ Սփյուռքի հայերի շրջանում դեռեւս չկա միասնություն այդ հեռանկարի վերաբերյալ: Այս պայմաններում կարեւոր է, որ Հայաստանն ընթացող բանակցություններից ստանա առավելագույն օգուտ.

«Իմ համոզմամբ, անկախ նրանից, թե ինչով կավարտվեն ընթացող բանակցությունները, կարեւոր է, որ Հայաստանը այս գործընթացից ստանա այն, ինչի կարիքն ունի: Խոսքս ոչ թե սոսկ ցանկությունների մասին է, այլ երկրի կարիքների՝ որ Հայաստանը ստանա այն ամենն, ինչ անհրաժեշտ է ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունն ու անկախությունը, այդ թվում եւ որպես առեւտրային գործընկեր»:

Նմանատիպ նյութեր