211652_close_icon
views-count1164 դիտում article-date 22:24 11-01-2022

Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու տնտեսության զարգացման ուղղություններով Նիդերլանդները կաջակցի Հայաստանին

Նիդերլանդները կաջակցի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։ Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, հունվարի 11-ին փոխվարչապետի հետ կայացած հանդիպման ժամանակ նման պատրաստակամություն է հայտնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։

Համբարձում Մաթևոսյանը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել բարեկամ երկրի խորհրդարանին՝ Արցախի վերաբերյալ ցուցաբերած դիրքորոշման, ինչպես նաև՝ Արցախի բնակչությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու որոշման համար և բարձր գնահատել դեսպանատան ծավալած ակտիվ գործունեությունը՝ ուղղված ինչպես  Հայաստանի համայնքների զարգացման համար սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, այնպես էլ COVID-19-ի դեմ պայքարում աջակցության տրամադրմանը։

Դեսպան Սխերմերսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին հանդիպման համար և, կարևորելով երկու երկրների կառավարությունների ակտիվ գործակցությունը, ընդգծել է, որ այս տարի նշվելու է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Դեսպանը կարևորել է նաև տնտեսության զարգացման ուղղությամբ առկա համագործակցությունն ու նշել, որ Նիդերլանդների նպատակը Հայաստան ներդրումներ բերելն ու բիզնես համայնքին աջակցելն է ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է հատկապես գյուղատնտեսության ոլորտում Նիդերլանդների կուտակած փորձով և կանի առավելագույնն այդ ուղղությամբ համագործակցությունն ակտիվացնելու համար։

Նմանատիպ նյութեր