211652_close_icon
views-count2010 դիտում article-date 22:17 10-01-2022

Շնորհավոր ֆուտբոլային լեգենդի ծնունդը. Հակոբ Բադալյան

Այսօր Խորեն Հովհանիսյանի ծննդյան օրն է, ինչը արձանագրում են շատ օգտատերեր Ֆեյսբուքում: Հովհաննիսյանի ֆուտբոլային կերպարը բավականին հատկանշական է ընդհանրապես հայկական իրականության բազմաշերտ համատեքստում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Ինչ նկատի ունեմ: Ես լիովին համակարծիք եմ, որ նա լավագույն հայ ֆուտբոլիստն է: Եվ միաժամանակ կարծում եմ, որ վատագույն հայ պրոֆեսիոնալներից էր: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ նա լինելով ֆուտբոլային մեծ տաղանդ, միաժամանակ շատ վատ պրոֆեսիոնալ էր, ինչը անդրադարձել է թե իր անձնական կարիերայի վրա, թե իր ժամանակի Արարատի վրա:

Ահա այս «հարաբերակցությունն» է, որ հայկական իրականության ոչ միայն ֆուտբոլային, այլ լայն, բազմոլորտ խնդիր է գրեթե առանց ոլորտային բացառության: Տարբեր ոլորտներում մենք ունենք հսկայական տաղանդ, բայց մենք «անտաղանդ» ենք պրոֆեսիոնալիզմի հանդեպ: Մենք չունենք աշխատանքի հանդեպ պատասխանատվության զգացում:

Եվ առավել եւս, երբ այդ աշխատանքում շատ թե քիչ սկսում ենք հաջողել, տարօօրինակորեն դառնում ենք այդ աշխատանքի հանդեպ առավել անպատասխանատու, սկսում ենք մսխել մեր իսկ հաջողությունը: Եվ այս իրողությունն իմ կարծիքով արտացոլվել է նաեւ մեր անկախ պետականության անցնող երեք տասնամյակում:

Աշխատանքի հաջողությունը մեզ դարձնում է ոչ թե ավելի համեստ, ինչը պրոֆեսիոնալ ինքնավստահության եւ կայացածության ցուցիչ է՝ իմ կարծիքով, այլ դառնում ենք ինքնահավան, մեծախոս, սկսնակներին վերեւից նայող՝ ոչ թե իրենց կողքին կանգնող եւ սովորեցնող: Դրա համար էլ մեզանում թերեւս չի կայանում որեւէ ոլորտի դպրոց, որովհետեւ այդ ամենի հիմքում պետք է լինի աշխատանքի հանդեպ պրոֆեսիոնալ պատասխանատվությունը որպես էություն:

Այդ ամենով հանդերձ, իհարկե շնորհավոր ֆուտբոլային լեգենդի ծնունդը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր