211652_close_icon
views-count2026 դիտում article-date 17:10 10-01-2022

Գյումրու ոստիկանությունում գնահատեցին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կազմակերպած ռուսաց լեզվի անվճար դասընթացների արդյունքները

Հայաստանի ոստիկանության աշխատանքում հաճախ է օգտագործվում ռուսաց լեզուն, և շատ կարևոր է, երբ շրջապատում տեսնում են, որ ծառայողները վարժ տիրապետում են ռուսերենին։ Այս մասին Գյումրիում Ռուսական տանը «Պրոֆեսիոնալ» ծրագրով ռուսաց լեզվի կորպորատիվ դասընթացի վկայականների հանդիսավոր հանձնման ժամանակ ասաց Գյումրու ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Վաչիկ Ղարիբյանը։

Նշենք, Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) 2021 թվականին Երևանում, Գյումրիում և Կապանում նախաձեռնել էր ռուսաց լեզվի անվճար դասընթացներ ոստիկանների համար, որոնք դասավանդում են փորձառու մասնագետներ։ Կապանում դասընթացները սկսվել են օգոստոսի 30-ին, Գյումրիում՝ սեպտեմբերին, իսկ Երևանում՝ նոյեմբերի կեսերին։

Վաչիկ Ղարիբյանը Հայաստանի ոստիկանության ղեկավար կազմի անունից շնորհակալագիր փոխանցեց Ռոսսոտրուդնիչեստվոյին Հայաստանում դասընթացների կազմակերպման և անցկացման համար։ Նա նաև հույս հայտնեց, որ դասընթացները կկրեն շարունակական բնույթ։

«Այս երեք ամիսը բավականին արագ անցան, սակայն մեր հարգելի ոստիկանների համար եղան իրոք արդյունավետ։ Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց ընդհանուր լեզու գտնել նման բարդ մասնագիտության ներկայացուցիչների հետ։ Դասընթացների յուրաքանչյուր մասնակից խմբի կարևոր օղակ է: Ընդհանուր աշխատասիրությունը և ռուսերեն սովորելու ցանկությունը հզոր մոտիվացիա էր: Հուսով եմ, ձեռք բերված գիտելիքները հետագայում կօգտագործվեն մասնագիտական միջավայրում: Հաջողություն եմ մաղթում բոլորին», - ասաց Գյումրիի Ռուսական տան աշխատակից Ալլա Վիրաբյանը, որը դասավանդել էր յուրահատուկ ուսանողներին այդ ողջ ժամանակահատվածում:

Դասընթացները հետաքրքրել են ոչ միայն քաղաքացիների հետ շփվող ոստիկաններին, այլ նաև նրանց, ում համար ռուսերենը պարտադիր պահանջ չի հանդիսանում առօրյա ծառայությունում։ Օրինակ, Գյումրու ոստիկանության Կումայրիի բաժնի հաշվապահ Հերմինե Անտոնյանը թղթաբանության հետ աշխատանքը հայերենով է իրականացնում։ Սակայն, նրա խոսքով, ինքը մեծ ուրախությամբ է այցելել ռուսաց լեզվի դասընթացներին։

«Մենք բոլորս ժամանակին սովորել ենք ռուսերեն, բայց այն չկիրառելու պատճառով տարիների ընթացքում ուղղակի մոռանում ենք։ Գյումրիում Ռուսական տանը ռուսաց լեզվի դասընթացների շնորհիվ մենք դրական արդյունքներ ենք արձանագրել ռուսերենով հաղորդակցվելու հարցում», - ասաց Հերմինե Անտոնյանը։

Նշենք, «Պրոֆեսիոնալ» ծրագրով կորպորատիվ դասընթացներն ուղղված են մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ լեզվական գիտելիքների խորացմանը: Դասընթացների տևողությունը 3 ամիս է, լսարանային պարապմունքներն անցկացվում են շաբաթական 2 անգամ 80 րոպե տևողությամբ։ Դասընթացի ծավալը 72 ժամ է (56 ժամ՝ լսարանային, 16 ժամ՝ ինքնուրույն աշխատանք)։ Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնում են վերջնական թեստ և ստանում վկայական:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր