211652_close_icon
views-count1418 դիտում article-date 13:13 09-01-2022

ՀՖՖ նախագահն ու փոխնախագահն աշխատանքային այցով Իսպանիայում են

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքային այցով Իսպանիայում են: Այցի շրջանակներում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնիվ հայտնում են, որ ՀՖՖ-ն առաջիկայում նախատեսում է իսպանական տարբեր կառույցների հետ ծրագրեր իրականացնել կրթության ոլորտում և վերապատրաստման ուղարկել ինչպես մարզչական, այնպես էլ բժշկության ու սպորտային հոգեբանության ոլորտի մասնագետների: 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը  հարցազրույց է տվել իսպանական Marca հեղինակավոր պարբերականին: 

ՀՖՖ պատվիրակությունը նաև հրավեր է ստացել Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոյի կողմից՝ ներկա գտնվելու Իսպանիայի Գավաթի խաղարկության «Ատլետիկո»-«Ռայա Մահադահոնդա» հանդիպմանը, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով: 

Հանդիպում է տեղի ունեցել Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՖՖ-ի ծրագրերի իրականացմանը և Իսպանիայում տարբեր կառույցների հետ նոր կապերի ձեռքբերմանը: 

Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը հանդիպել են նաև աշխարհի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկին՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի կրկնակի հաղթող և մի շարք այլ տիտղոսներ նվաճած Վիսենտե Դել Բոսկեին, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի եռակի հաղթող, Իսպանիայի հնգակի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Միջմայրցամաքային Գավաթի հաղթող Ֆերնանդո Յերոյին՝ հայկական և իսպանական ֆուտբոլային կապերի հետագա զարգացման և խորացման նպատակով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր