211652_close_icon
views-count70641 դիտում article-date 21:33 03-01-2022

Վաղարշապատի ոստիկանները տաք հետքերով բացահայտեցին «Տաք հաց» փռի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքը․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հունվարի 3-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի, ավագ քննիչ Վարդանյանի գլխավորությամբ։ 

Հիվանդանոցում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Իրավապահները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Էրիկ Մ․-ն է։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ Ա․ Ֆիշյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել հունվարի 2-ին ժամը 23։15-ի սահմաններում Արագածի զանգվածի 2/118 հասցեի մոտ «Տաք հաց» փռի մոտից, որտեղ անհայտ անձի կողմից սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ են հասցվել նրան։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են նրան դանակահարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, և բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը, ով Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Անդրանիկ Հ․-ն է, ինքնակամ ներկայանում է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ՝ ձերբակալվում է։ 

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր