211652_close_icon
views-count1948 դիտում article-date 18:12 01-01-2022

2022 թվականը մամուլի համար կրկին լինելու է սեփական իրավունքների համար պայքարի տարի․ Սաթիկ Սեյրանյան, Tert.am

Գործող իշխանությունը մամուլին վերաբերվում է՝ որպես դասակարգային թշնամու, և թիրախավորում է բոլոր հնարավոր միջոցներով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ժուռնալիստների միության նախագահ Սղաթիկ Սեյրանյանը՝ ամփոփելով 2021  թվականը մամուլի համար։ Նա նշեց, որ մամուլը, բոլոր խնդիրներով հանդերձ, դեռևս փորձում է ապահովել իշխանության հաշվետվողականությունը, ինչը արգելք է բացարձակ ու անվերահսկելի իշխանության հաստատման ճանապարհին։  «Իսկ դա նշանակում է, որ 2022 թվականը մամուլի համար լինելու է կրկին պայքարի՝ սեփական իրավունքների համար պայքարի տարի։ Սակայն միանգամայն վստահ եմ, որ մամուլը չի ընկրկելու և շարունակելու է հանրային վերահսկողության իր կարևորագույն գործառույթը»,–ասաց նա։

- Ինչպիսի՞ն էր 2021 թվականը չորրորդ իշխանության համար։

- Երևի այնպիսին, ինչպիսին պետության ու հասարակության համար ընդհանրապես, այսինքն, ցավոք սրտի, ոչ դրական և ոչ նպաստավոր։ Այն, ինչ Հայաստանում կատարվում է մամուլի ասպարեզում, երկրում տեղի ունեցող խորքային գործընթացների բաղկացուցիչն է, կարծում եմ՝ սխալ է մամուլի խնդիրները տարանջատել հանրային-քաղաքական ընդհանուր օրակարգից։ Իսկ քաղաքականությունը 2021 թվականին, դժբախտաբար, ռեգրեսիա է ապրել՝ էլ ավելի խորացնելով ժողովրդավարության, այդ թվում՝ խոսքի ազատության ոլորտում առկա խնդիրները։ Երկրում հետևողականորեն ընթանում է իշխանության բնույթի փոփոխություն, տրանսֆորմացիա, մենք ականատես ենք լինում, որ ժողովրդավարական կարգախոսներով հրապարակից կառավարական աշխատասենյակներ տեղափոխված իշխանությունն անում է ամեն ինչ՝ ժողովրդավարության ձևը, ֆորմալ կողմը պահպանելով՝ ավտորիտար իշխանություն հաստատելու համար, իսկ մամուլն այդ ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկն է։ Հենց այս իրողությամբ եմ ես պայմանավորում մամուլի դեմ գործող իշխանությունների վերաբերմունքը. մամուլը, բոլոր խնդիրներով հանդերձ, դեռևս փորձում է ապահովել իշխանության հաշվետվողականությունը, ինչը արգելք է բացարձակ ու անվերահսկելի իշխանության հաստատման ճանապարհին։ Այնպես որ, 2021 թվականը դժվարին տարի էր չորրորդ իշխանության համար, եթե հակիրճ՝ անցնող տարին պայքարի ժամանակահատված էր, որը մեր մամուլը, կրկնում եմ, բոլոր խնդիրներով հանդերձ, կատարել է պատվով ու պատասխանատվությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր