211652_close_icon
views-count6105 դիտում article-date 11:52 31-12-2021

Միշտ բանակի ու զինվորի կողքին․ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը շնորհավորեց զինվորներին ու պատվոգրեր հանձնեց նվիրյալ զինվորականներին

Բանակը մեր անվտանգության երաշխավորն է, և տարեմուտին բոլորս մտքով մեր զինվորի կողքին ենք։

Արագածոտնի մարզպետ, գնդապետ, «Ապարան» կամավորական ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանն ու Տիգրան Եղիազարյանն այսօր անձամբ շնորհավորեցին մեր զինվորներին ու զինվորականներին։

Մարզի ղեկավարությունն այցելեց ՀՀ ՊՆ  N զորամաս, ուղերձ հղեց ու մարզպետի որոշմամբ պատվոգրեր հանձնեց զորամասի մի խումբ զինվորականների՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

Այսպիսով, Ռազմիկ Պետրոսյանի որոշմամբ պատվոգիր ստացան փոխգնդապետ Վարդան Զենոբի Տեր-Պետրոսյանը, մայոր Արմեն Սամվելի Դավթյանը, մայոր Գևորգ Մարգարի Խաչատրյանը, կապիտան Վահան Հայկի Քեշիշօղլյանը, ենթասպա Արմինե Ալեքսանդրի Մկրտչյանը։

Մարզպետն իր սրտի խոսքն ասաց զինվորին՝ որպես հրամանատարի, ծնողի, երկար ուղի անցած հմուտ զինվորականի։ Նա կոչ արեց միշտ հպարտանալ  զինվորի վեհ կոչմամբ։
«Մեր հայոց պետականության պահպանության ամենապատասխանատու գործը հայոց բանակի ուսերին է, և այդ կարևոր ու սրբազան առաքելությունն իրականացնելիս  մենք՝ պետական այրերս, միշտ ձեր կողքին ենք։ Մենք միասին պիտի կերտենք մեր խաղաղությունն ու հաղթանակը։ Բարի՛ ծառայություն մեր պանծալի բանակին»,-նշեց Ռազմիկ Պետրոսյանը։
Ինչպես ասաց զորամասի հրամանատարը՝ մարզպետարանի ղեկավարության այցը հաճելի անակնկալ էր։ Մի քանի օր առաջ բանակի շարքերը համալրած զինվորներն էլ իրենց հերթին անակնկալ մատուցեցին պաշտոնատար անձանց՝ նրանց համար կատարելով հայոց օրհներգը։      
Կրկին հատուկ շնորհավորանք ենք հղում ձեզ, սիրելի՛ զինվորներ ու մեր բանակն ամուր պահող խիզա՛խ զինվորականներ։ 

Նմանատիպ նյութեր