211652_close_icon
views-count1684 դիտում article-date 13:00 27-12-2021

Թուրքիայի 3 նախապայմաններն էլ կատարվել են, և ավելի մեծ երեսպաշտություն դժվար է հորինել, քան ասել՝ պատրաստ ենք բանակցել առանց նախապայմանների․ Ռոբերտ Քոչարյան

Երեք նախապայման Թուրքիան միշտ դրել է Հայաստանի առաջ․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը, յոթ շրջանի անվերապահ վերադարձը, Ցեղասպանության ճանաչման հարցը պատմաբաններին փոխանցելը, հիմա ևս մեկն է ավելացել՝ Զանգեզուրով միջքանցքի նախապայմանը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է Tert.am-ը։

Ինչ վերաբերում է հայ–թուրքական շփումներին՝ իր պաշտոնավորման ընթացքում, ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ իրենց  մոտեցումը հետևյալն էր․ պատրաստ ենք հարաբերություններ կառուցել առանց նախապայմանների, մենք ասում էինք՝ մեր կողմից սահմանը բաց է, սահմանը փակ է մյուս կողմից։

Նա նկատեց, որ հիմա ոչ թե յոթ շրջանն է վերադարձվել՝ այլ նաև բոնուսով՝ Շուշին և Հադրութը, Ցեղասպանության հարցը ամբողջությամբ թողել են Հայ դատի գրասենյակների վրա, Հայաստանի առաջին դեմքը ասում է, որ 2016 թվականից տեսական տարբերակ չկա Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի համար։

«Հիմա երեք նախապայմաններն էլ կատարվել են, և երբ ասում են, թե Թուրքիայի հետ պատրաստ ենք բանակցել առանց նախապայմանների ավելի մեծ երեսպաշտություն դժվար է հորինել։ Դուք երեք պայմաններն էլ կատարել եք՝  մի բան էլ ավելի»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը պատմեց, որ Էրդողանի՝ իշխանության նոր եկած ժամանակ, ինչ–որ շփումներ եղել են։ «Իմ ժամանակ, այո՛, շփումներ եղել են, Աբդուլլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանը բավականին ոգևորված էր, զանգեց և ասաց, որ ոնց որ թե թուրքական կողմը պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների։ Ես ասացի՝ Վարդան չեմ հավատում, նոր են, տաք են, դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանը իրենց կխանգարի, մեծ աղմուկ մի հանի, որ չստացվի, որ մենք ինչ–որ սպասելիքներ ենք առաջացնում, շարունակենք այդ ոճում»,–ասաց նա։

Նա հիշեցրեց, որ Թուրքիան այդ ժամանակ մի թեզ ուներ՝ զրոյացնում ենք բոլոր խնդիրները հարևանների հետ, բայց արդյունքում բոլոր հարևանների հետ լրացուցիչ ավելի խորը պրոբլեմներ ունեցան։ «Երկրորդ անգամ Օսկանյանը զանգեց ասեց, որ ոնց որ հետ են քաշվում։ Երրորդ հանդիպման ժամանակ ամբղջությամբ վերադարձանք այն կետին, որից սկսել ենք»,–ավարտեց նա։


   

Նմանատիպ նյութեր