211652_close_icon
views-count4574 դիտում article-date 12:17 23-12-2021

3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդի դեպքում ամսական 50 հազար դրամ նպաստ կտրվի մինչև 6 տարեկանը լրանալը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ այս որոշումը նպատակ ունի բարելավել ժողովրդագրական իրավիճակը:

Ներկայումս գործող կարգավորումներով երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է։

Նոր ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50 000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ: Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ։

Որոշման հավելվածով սահմանվում է դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը, որի համաձայն աջակցությունը նշանակվելու է, եթե ծնողը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, և երեխաները, այդ թվում՝ շահառու երեխան, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և դիմելու օրվա դրությամբ այդ ծնողը և շահառու երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Նախարարի խոսքով երկվորյակ կամ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը եւ կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր  երեխաների համար:

Նախատեսվել է, որ դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի միջոցով։

Մասնավորապես, ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։

Հաշվի առնելով 3 և ավելի երեխաների թվի՝ վերջին 5 տարիների տարեկան միջին աճի տեմպը՝ մոտ 5% և ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող հավելյալ տարեկան 3% աճը, կանխատեսվում է, որ 3 և ավելի երեխաների թիվը 2020թ. 10131-ի դիմաց կավելանա տարեկան 8.14%-ով (105%x103%) կազմելով՝ 2022թ․՝ 10956, 2023թ․՝ 11844, 2024թ․՝ 12804, 2025թ․՝ 13848 և 2025թ․՝ 14976:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելեց, որ այս վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա: Նա հիշեցրեց, որ երրորդ երեխայի ծնվելու դեպքում նախատեսված է 1 մլն դրամի միանվագ աջակցություն: Սա նաև չի ազդում մինչև 2 տարեկան դառնալը երեխայի խնամքի նպաստի վրա: «Բայց այս նպաստն ազդում է աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր