211652_close_icon
views-count1830 դիտում article-date 09:13 18-12-2021

Իշխանությունը հիմնովին կոտրում է ժողովրդավարության ողնաշարը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ժողովրդի կամարտահայտությունը ժողովրդավարությանը բնորոշ ատրիբուտ է։ Այսինքն, ժողովուրդն է ընտրությունների արդյունքում որոշում, թե ինչպիսի իշխանություն է ցանկանում ունենալ թե՛ համապետական և թե՛ տեղական մակարդակով։ Տեղական մակարդակով իշխանություն ունենալու տեսանկյունից կարևոր է, որ վերջերս 36 խոշորացված համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում, չնայած վարչական ռեսուրսների կիրառմանը և բանեցվող ճնշումներին, իշխող ՔՊ-ն մի շարք տեղերում պարտություն կրեց։ Եվ երբ արդեն արդյունքները պարզ էին, Փաշինյանը շտապեց իր ֆեյսբուքյան էջում գրառում անել ու բարձր գնահատել ՏԻՄ ընտրությունների որակը՝ հատուկ շեշտադրումով, թե քաղաքացին տեր է և որոշող։

Սակայն զավեշտալին այն է, որ ամեն անգամ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իբր որոշողը քաղաքացին է, իրականում ամեն անգամ տրորում է ժողովրդի կամքն ու ամբողջ ուժով պայքարում ժողովրդավարության դեմ։ Դա արտահայտվում է թե՛ ընդունված որոշումներում և օրենսդրական նախաձեռնություններում, որոնք անցկացվում են առանց հանրության կարծիքը և մտահոգությունները հաշվի առնելու, թե՛ ուժային տեռորի մեթոդներով ընդդիմադիրների դեմ պայքարելու գործողություններում։ Նույնն է նաև ՏԻՄ ընտրությունների մասով։ Բոլոր այն համայնքներում, որտեղ ոչ իշխանական ուժերը կարող էին տեղական իշխանություն ձևավորել, Փաշինյանն ամեն ջանք ներդնում է, որպեսզի անպայման ՔՊականներից կամ իշխանական արբանյակ ուժերից մեկն անցնի։

Իսկ որտեղ իշխանությունները ջախջախիչ պարտություն են կրել, արդեն գործի են դրվում իրավապահ համակարգն ու քաղաքական բռնաճնշումները։ Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Քաջարանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և մի շարք այլ համայնքներում Փաշինյանի իշխանությունն անցել է «շեֆի» սիրելի գործին՝ սպառնալիքների ու սարքված քրեական գործերի միջոցով ընդդիմախոս համայնքապետերին ու ավագանու անդամներին ճնշելուն։ Հասկանալի է, որ ոչ մեկն էլ սուրբ չէ, սակայն ինչպե՞ս է ստացվում, որ ամեն անգամ քրեական գործեր են հարուցվում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների վրա կոնկրետ այն ժամանակ, երբ այդ մարդիկ իրենց քաղաքական գործունեությամբ խնդիրներ են ստեղծում ՔՊ-ի համար։ Քաղաքական ենթատեքստն այս ամենում այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ՄԻՊ-ն է մտահոգություն հայտնել, որ ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ։

Համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նաև 14 կուսակցություններ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին, ավագանու անդամներին և քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց։ Ստացվում է, որ Փաշինյանը ուղղակի թքած ունի ՀՀ քաղաքացիների քվեի ու ժողովրդավարական համակարգի վրա, որի արդյունքում «Հանուն ժողովրդավարության» համաժողովի ընթացքում ժողովրդավարության ամրապնդման մասին իր սրտաճմլիկ ելույթն ուղղակի հերթական պոպուլիզմի դրսևորման է վերածվում։ Միևնույն ժամանակ զարմանալի է, որ իբր ժողովրդավարության համար պայքարի առաջամարտիկի համբավ ձեռք բերած երկրներն ու կառույցները լուռ են, երբ Փաշինյանը ժողովրդավարությունը վերածել է «պոլի շորի»»։

Մանրմասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր