211652_close_icon
views-count1343 դիտում article-date 12:51 08-12-2021

Ավարտվեց «Լեզուների ուսուցման խնդիրները համաշխարհայնացման արդի դարաշրջանում» միջազգային համաժողովը

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ «ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ԱՐԴԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում իրականացվող 20TTSH-063 «Հայերենի դերը և ուսուցման խնդիրները բազմալեզու միջավայրում» գիտական նախագծի շրջանակում (թեմայի ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյան):

Նկատի ունենալով COVID-19 համավարակի տարածման խնդիրը՝ համաժողովը կազմակերպվել էր առցանց ձևաչափով: Համաժողովի մասնակիցների շրջանակը շատ լայն էր. զեկուցողների խմբում ներգրավված էին ոչ միայն գիտական և ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներ, այլև ուսուցիչներ և կրթության կազմակերպիչներ՝ ՀՀ երևանյան և մարզային դպրոցներից: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ., պրոֆ. Վիկտոր Կատվալյանը՝ ողջունելով մասնակիցներին և մաղթելով հետաքրքիր ու արդյունավետ քննարկումներ, կարևորեց նման միջոցառումների դերը լեզվապահպանության և լեզվաքաղաքականության արդի մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ համաժողովի կազմակերպիչ, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանը, նշեց, որ համաժողովի նպատակն է մի հարկի ներքո համախմբել ոլորտի տարբեր մասնագետների՝ գիտակրթական հանրույթի տարբեր օղակներից, վեր հանել լեզուների ուսուցման արդիական խնդիրները, համաշխարհայնացման մարտահրավերներին դիմակայելու ուղիները և ներկայացնել հնարավոր լուծումներ: Համաժողովի հանդիսավոր նիստի ընթացքում ելույթ ունեցավ 20TTSH-063 նախագծի արտասահմանյան գործընկեր, Լեհաստանի Շլոնսկի համալսարանի ադյունկտ, բ.գ.թ. Գրաիր Մագակիանը, ներկայացրեց երկլեզվության արդիական խնդիրները, լեհական բուհերի փորձը փոխանցեց հայ գործընկերներին: Հանդիսավոր նիստը եզրափակեց բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանը, որը խոսեց արդիական խնդիրներից մեկի՝ հայերենի՝ որպես գիտության լեզվի ուսուցման խնդիրների մասին:

Համաժողովի համաժամանակյա երեք նիստերը վարում էին պատվավոր դոկտորներ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ Վազգեն Համբարձումյանը, 2 ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հայկանուշ Մեսրոպյանը: Համաժողովին մասնակցում էին շուրջ չորս տասնյակ գիտաշխատողներ, բուհերի հայերենագիտական, լեզվաբանական, մանկավարժական ամբիոնների վարիչներ և աշխատակիցներ, հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ, ասպիրանտներ, երիտասարդ հետազոտողներ և վաստակավոր ուսուցիչներ՝ Հայաստանի, Արցախի, Լեհաստանի գիտակրթական տարբեր հաստատություններից (ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ, ՀՊՄՀ, Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ԵՊՀ ԻՄ, ԵՀՀ, ՎՊՀ, ՀՌՀ, ԵԲՊՀ, ՀՀ ՊԿԱ, ՇՏՀ, «Տաթև» գիտակրթական կենտրոն, Ավետիք Իսահակյանի անվան տուն- թանգարան, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր, Երևանի, Լոռու, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզային դպրոցներ):

Զեկուցումներում արծարծվեցին համաշխարհայնացման արդի դարաշրջանում լեզվի ուսուցմանն առնչվող զանազան հարցեր, մասնավորապես անդրադարձ եղավ երկլեզվությանը և բազմալեզվությանը, մայրենի, օտար, երկրորդ լեզուների ուսուցմանը, լեզվաքաղաքականությանը, լեզվի ուսուցման տեխնոլոգիական հնարավորություններին, հիբրիդ ուսուցմանը, լեզվի ուսուցման նոր մեթոդներին և միջգիտակարգային եղանակներին:

Արդյունավետ էր հատկապես համաժողովի ամփոփիչ նիստը, որտեղ ծավալվեց բուռն քննարկում, եղան հետաքրքիր ելույթներ, դիտարկումներ ու առաջարկներ: Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ Մ. Սարգսյանը նշեց. «Ծառայելով հասարակության լայն շրջանակներին՝ համաժողովի արդյունքները կարող են օգտակար լինել Հայաստանում և արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, որոնք կարևորում են հայերենի դերը և ուսուցումը օտարախոս միջավայրում՝ հայապահպանության և հայերենապահպանության նպատակներով, օտարերկրացիներին, որոնք հետաքրքրված են հայերենի ուսուցմամբ և դասավանդումով:

Սա մի կարևոր միջոցառում է, որը կարող է նպաստել լեզվի, մշակույթի, ազգային արժեքների պահպանմանը, մասնագիտական փոխօգնությանը, ինչպես նաև հայրենիք-սփյուռք կապի ապրապնդմանը»:

Նմանատիպ նյութեր