Դեկտեմբերի 7-ը 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է
Հայաստանում 33 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար:
1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:
Երկրաշարժի հետևանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի և մոտակա գյուղերի հետ մեկտեղ բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրեց Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:
Հայաստանը այսօր էլ դեռ շարունակում է հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները: Ցավոք, դեռևս այսօր, երկրաշարժից 32 տարի անց, մենք շարունակում ենք առերեսվել երկրաշարժի հետևանքով ունեզուրկ և անօթևան մարդկանց տխուր ճակատագրերին։ Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
2019թ․ սկսած՝ Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր: