211652_close_icon
views-count1872 դիտում article-date 09:13 03-12-2021

Վաշինգտոնը ողջունում է Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության վերականգնումը․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը այցելել է Ռիգա և Ստոկհոլմ ՆԱՏՕ-ի ու ԵԱՀԿ-ի վեհաժողովներին մասնակցելու համար, ուր տարբեր հանդիպումներում քննարկել է ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով այս օրերին Ստոկհոլմում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար, իր ելույթներում ու առանձին հանդիպումների ընթացքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին:

«Մենք կոչ ենք անում կողմերին լուծելու այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը, և շարունակել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո աշխատանքը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ կարգավորման»,- ասել է Բլինքենը:

ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի վեհաժողովի իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է՝ Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը:

«Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել մարդասիրական, այդ թվում և կալանավորվածների, ականազերծման, անհետ կորածների հարցերում, հետաքննելով մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումները՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին»,- ասել է նա:

Այս ուղղությամբ պետքարտուղար Բլինքենը պատրաստակամություն է հայտնել աշխատել միասնաբար, ներառյալ Ռուսաստանի հետ՝ շարունակական առաջընթաց ապահովելու համար. Բլինքենն այս թեման շոշափեց նաև Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ համատեղ մամլո ասուլիսին:

«Կովկասի վերաբերյալ մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Շատ աշխատանք կա անելու, որպեսզի փորձենք հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և արդարացի ավարտին: Հուսով եմ, որ մենք կարող ենք միասին աշխատել նաև այդ ուղղությամբ»,- ասել է պետքարտուղարը:

Բլինքեն-Լավրով հանդիպումից հետո պետքարտուղարության տարածած մամլո հաղորդագրությունը տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական հիմնախնդիրն ընդգրկվել է հանդիպման օրակարգում: «Զրուցակիցները քննարկել են նաև Կովկասը, և պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերսկսումը»,- ասված է պետքարտուղարության հայտարարության տեքստում:

Նախօրեին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը քննարկվել է նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների վեհաժողովի շրջանակում պետքարտուղար Բլինքենի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:

Ստոկհոլմում գտնվելու ընթացքում, ԱՄՆ պետքարտուղարն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ինչպես թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ արտգործանախարարը, քննարկվել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր:

«Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո»,- իր գրառման մեջ գրել է արտգործնախարար Միրզոյանը` շեշտելով, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության տեղեկատվության՝ Բլինքեն-Բայրամով հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտի հետ կապված հարցեր:

Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի վեհաժողովի իր ելույթի վերջում պետքարտուղարը կարևորել է, որ ԵԱՀԿ անդամ պետությունները շարունակեն հարգել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնք անբաժան են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մարդու իրավունքների պաշտպանության հետ: Միացյալ Նահանգները կշարունակի ամենուր պաշտպանել այդ արժեքները, հայտարարել է ԱՄՆ-ը պետքարտուղարը:

Նմանատիպ նյութեր